ԱԺ-ն Սևանից ջրի բացթողմանը “կանաչ լույս” տվեց
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Մինչ օրինագծի ընդունումը Ազգային ժողովում տեղի ունեցավ բուռն քննարկում: Նախ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ դա բնապահպանական լուրջ խնդիր է, և իրենց խմբակցությանը դիմել են բնապահպանները, նշելով, որ խնդիրը շատ լուրջ բնապահպանական խնդիր է առաջացնելու: Հայ ազգային կոնգրես խմբակցության անունից էլ խոսելով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ ջուրը Հայաստանի հարստությունն է, որից Հայաստանը չի կարողանում օգտվել: ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նշեց, որ Սևանը 2002 թվականից սկսել է աննախադեպ տեմպերով բարձրանալ, որը կատարված լավ աշխատանքի արդյունքն է. «Սևանը 2002 թվականից մինչ օրս բարձրացել է 4 մետր 15 սանտիմետր, և հիմա մեր կառավարությունը ջուր է ուզում մեր ժողովրդին տալու համար, հիմա ի՞նչ, չտանք»,- հարցրեց Վարդան Այվազյանը: Վերջինիս ելույթից հետո ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը հարց տվեց Վարդան Այվազյանին. «Պարոն Այվազյան, կարո՞ղ եք այնպես անել, որ Ենիսեյ գետն էլ Հայաստանով հոսի»: Վահան Հովհաննիսյանի ասածից հետո ԱԺ նիստերի դահլիճում աժիոտաժ սկսվեց: Այդ աժիոտաժի մեջ չլսվեց Վարդան Այվազյանի՝ Վահան Հովհաննիսյանին ուղղված արձագանքը, որը նա ավելի ուշ լրագրողների խնդրանքով ներկայացրեց այսպես. «Երբ որ դուք Բոսֆորը կսարքեք արյան ծով, այն ժամանակ էլ մենք Հայաստանը կսարքենք ծովից ծով, Ենիսեյն էլ Հայաստանով կհոսի»: Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ևս կողմ են քվեարկել նախագծին: ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ բնապահպանական և գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը կոչ արեց, որ ամեն ինչ լինի տրամաբանված և թույլ տան, որ գյուղացին կարողանա հողը մշակել: