Բաժիններ՝

Մարդկային պատմություն

 

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում ապրող ընտանիքին

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Կարեւոր չէ, որ ես կուշտ լինեմ, կարեւորը` որ շները կուշտ լինեն, թե չէ` կմնանք փողոցներում»,- ասում է մեկ շաբաթ մանկատանն ապրած Արման Լալայանը» վերնագրով հոդվածը Քանաքեռ-Զեյթուն համայնքի գերեզմանատանը կից` Ֆանարջյան 76 հասցեի բնակիչների մասին էր: Հիշեցնենք, որ մայր ու որդի բնակվում են ուրիշի հողատարածքում տեղադրված մի տնակում, որտեղ տարածքի սեփականատերը նրանց թույլ է տվել ժամանակավոր բնակվել` ամսական 10.000 դրամի դիմաց իր շներին խնամելու պայմանով: Մեր այս հրապարակմանն անմիջապես
արձագանքել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` ձեռնամուխ լինելով նախ` հիվանդ Մարինե Լալայանին եւ լսողության խնդիր ունեցող 12-ամյա որդուն` Արման Լալայանին առողջապահական հաստատություն տեղափոխելու հարցերը կարգավորելուն: Երեկ մենք Մարինե Լալայանից տեղեկացանք, որ Ռիտա Սարգսյանի հանձնարարությամբ, թերթի հրապարակումից հետո, իրենց է այցելել բժիշկների մասնագիտական մի խումբ, ինչպես նաեւ սոցիալական ծառայության աշխատակիցներ: Տեղում ծանոթացել են իրավիճակին եւ անմիջապես կազմակերպել առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր գործողությունները` սկսած սննդի տրամադրումից, վերջացրած` բուժհաստատություններում անվճար բուժզննում իրականացնելուց: Մենք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ճշտեցինք, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ 12-ամյա Արման Լալայանն իսկապես լսողության լուրջ խնդիր ունի, սակայն երբեւիցե չի հետազոտվել եւ այդ խնդիրներով զբաղվող չի եղել: «Իսկապես ընտանիքը շատ վատ վիճակում էր, եւ Հանրապետության առաջին տիկնոջ հանձնարարականով մենք կազմակերպել ենք նրա հետազոտությունն «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Մասնագետները պարզել են երեխայի լսողության աստիճանը, եւ առաջիկա երկու օրերի ընթացքում նա կբավարարվի համապատասխան եվրոպական արտադրության բարձրորակ լսողական սարքով: Դա խնդիրներից մեկն էր, որը կարեւոր էր այդ ընտանիքի համար: Մոր մոտ հայտնաբերվել է ստամոքսի խոց, եւ այսօր նրա հետ հանդիպման ընթացքում կքննարկենք նրա բուժման հետ կապված հետագա հարցերը. եթե ցանկանա` բուժումը կստանա ստացիոնար պայմաններում, իսկ եթե` ոչ, ամբուլատոր պայմաններում: Այդ ընտանիքի խնդիրներից մեկն էլ ապրելու տեղն է, որի պայմաններն իսկապես շատ ծանր էին»,- մեզ փոխանցեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից` ավելացնելով, որ սարսափելի ծանր պայմաններում ապրող մայր ու որդուն նաեւ բնակարան են առաջարկել Մարալիկի Սոցիալական տանը: Ըստ նախարարության տվյալների` առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում Սոցիալական տունը հանձնվելու է կահավորված բնակարաններով, որոնցից մեկը, Մ. Լալայանի համաձայնության դեպքում` կզբաղեցնեն նրանք. «Այսօր Մարինե Լալայանին նորից հանդիպելու ենք որոշակի հարցեր քննարկելու համար: Առայժմ առաջին, անհրաժեշտ հրատապ օգնությունն ենք ցուցաբերում` մարդասիրական օգնություն, բուժօգնություն եւ այլն, իսկ բնակարանի հարցերի վերաբերյալ այսօր կոնկրետ տվյալներ կունենանք մոր հետ քննարկումից հետո»: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյո՞ք ՀՀ Սոցապ նախարարությունը նաեւ կաջակցի այս ընտանիքին նպաստառուների ցանկում ընդգրկելու հարցում: Ի պատասխան հարցի` նախարարությունից ասացին, որ այս ընտանիքը գրանցում, մշտական ապրելատեղ չունի, որի պատճառով չեն կարողացել նաեւ հաշվառվել եւ օգտվել ընտանեկան նպաստից, հետեւաբար` Մարալիկի Սոցիալական տանը բնակարան հատկացնելու պարագայում նրանք նաեւ կկարողանան փաստաթղթային հարցերը լուծելուց հետո նպաստ ստանալ: Այնուամենայնիվ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը իր սրտացավ վերաբերմունքով, հանձնարարականներով ու խնդրանքներով բոլոր լծակներն օգտագործում է կյանքի հատակում հայտնված, ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող այս ընտանիքի բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ: Մեր թերթի առաջիկա համարներում կփորձենք
անդրադառնալ Մարինե եւ Արման Լալայանների կյանքի հետագա զարգացումներին:

Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս