«Հայաստանում հեղափոխություն չի էլ եղել, որպեսզի լինի հակահեղափոխություն». Էդուարդ Շարմազանով
«Մինչև Նիկոլ Փաշինյանը Արա Բաբլոյանն էր ասել, առաջարկել, որպեսզի հանդիպի Հանրապետության նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Եթե Փաշինյանն արձագանքել է, որ ուզում է հանդիպել Բաբլոյանի հետ, շատ նորմալ է, աշխատանքային կառուցողական պրոցես է, երբ անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարները հանդիպում են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Փաշինյան-Բաբլոյան հնարավոր հանդիպմանը։
Ըստ նրա՝ որքան շատ հանդիպեն, որքան բոլոր որոշումները կայացվեն քննարկումների արդյունքում, այնքան կշահի ժողովուրդը. «Ես մշտապես դեմ եմ եղել միանձնյա որոշումներ կայացնելու և հռչակելու գործին և դրական եմ գնահատում, որ վարչապետ Փաշինյանը դրական է արձագանքել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպելու առաջարկին»։
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ հակահեղափոխության ռիսկ չկա, եթե կողմերը տրամադիր են քննարկումների, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես առհասարակ դեմ եմ «հեղափոխություն» և «հակահեղափոխություն» եզրույթներին։ Հայաստանում հեղափոխություն չի էլ եղել, որպեսզի լինի հակահեղափոխություն։ Հայաստանում եղել է իշխանափոխություն, Հանրապետական խմբակցության օժանդակությամբ, որը չգնաց երկպառակության, չգնաց բախումների և ցնցումների ճանապարհով, ընտրվել է նոր վարչապետ, որի անունը Նիկոլ Փաշինյան է, և օրենսդիրն ունի իր գործառույթը, գործադիրն ունի իր գործառույթը, դատական իշխանությունը՝ իր գործառույթը։ Բոլոր 3 իշխանության ճյուղերը պետք է աշխատեն ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»։
Նրա խոսքով՝ իրենք ոչ մեկ անգամ նշել են, որ ո՛չ ռևանշիստ են, ո՛չ հակահեղափոխական. «Մենք մշտապես մեր գործունեության հիմքում ունենք և ունենալու ենք Հայաստանի և Արցախի շահը, Հայաստանի և Արցախի անվտանգության շահը, որ վեր է մնացած ամեն ինչից։ Իսկ մնացած բոլոր խնդիրների հարցում, որտեղ Փաշինյանի կառավարությունը դրական քայլեր կանի, մենք կողջունենք և կօժանդակենք, իսկ որտեղ կգնա սխալ ճանապարհով, կհուշենք և կքննադատենք, բայց կքննադատենք ոչ թե՝ չարախնդակով, այլ՝ կքննադատենք, որպեսզի ուղղենք»։