Նիկոլ Փաշինյանը խոստանում է կառավարության աջակցությունը ադամանդագործներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանում ադամանդագործության ոլորտի զարգացումը և կառավարության աջակցությունը ոլորտին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկինում ադամանդագործությունը բավականին զարգացած էր Հայաստանում, բայց, դրամի փոխարժեքի բարձրացման և ադամանդի շուկայում տեղի ունեցած ազատականացման գործընթացների հետևանքով այդ ոլորտը Հայաստանում դադարեց զարգանալ:
«Հիմա կան ընկերություններ գործարարներ, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ և մենք հույս ունենք, որ նրանք հաջողություն կունենան և Կառավարությունը ամեն ինչով կաջակցի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև կարևորեց ոսկերչության զարգացումը: «Այսպիսի գաղափարով կա, որ ցանկացած երկրում, ուր գնում են զբոսաշրջիկները, ընդունված է իրեր գնել: Մենք կարծում ենք, որ Հայաստանում դրանք կարող են լինել նաև ոսկերչական ապրանքները»,- ընդգծեց ՀՀ վարչապետը: