ՀՅԴ-ն կաջակցի՞ Նիկոլ Փաշինյանի սահմանադրական նախաձեռնությանը

«Ինչ էլ արվի, պետք է արվի Սահմանադրության և օրենքի տառին համապատասխան։ Մենք արդեն բավականին առաջ գնացած երկիր ենք, 30 տարվա պատմություն ունենք, և Սահմանադրությունն անտեսելու որևէ քաղաքական քայլ անելը մեր ժողովրդավար երկրի համար, ինչպես վարչապետն է հայտարարում, անհարիր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը՝ մեկնաբանելով հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե  նախաձեռնելու են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարողանա որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

Հարցին՝ եթե Փաշինյանը հանդես գա նման սահմանադրական նախաձեռնությամբ, ՀՅԴ-ն կաջակցի՞ նրան, Ռ. Առաքելյանը պատասխանեց. «Գիտեք, աջակցելու և չաջակցելու խնդիր չկա։ Դա էլ պետք է արվի օրենքի և Սահմանադրության շրջանակներում, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններով պետք է դա ընդունվի, հետո քայլ արվի։ Այսինքն՝ այստեղ երկրորդ կարծիք, կարծում եմ, չի կարող լինել»։

Պատգամավորը նշեց, որ Դաշնակցությունում Փաշինյանի նախաձեռնությունը չի քննարկվել, և երբ պահը գա, այդ ժամանակ լուրջ քաղաքական քննարկում կանցկացնեն և որոշում կկայացնեն։

Ռ. Առաքելյանը հստակ չպատասխանեց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն այսուհետ ևս կունենա՞ ԱԺ-ի աջակցությունը, թե՞ իրավիճակ է փոխվել.

«Այս պահին որևէ շատ կոնկրետ կարծիք, կարծում եմ, որևէ մեկը չի կարող ասել, քանի որ այսօր խորհրդարանում մեծամասնությունն այլ քաղաքական ուժ է։ Եթե քաղաքական իրադարձություններն այնպես դասավորվեն, ծավալվեն, որ հանուն երկրի նպաստավոր իրավիճակի կամ կայունության, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթության, գուցե և այդ ժամանակ քաղաքական հարթակներում տարբեր քննարկումներ ծավալելու արդյունքում խոհեմ որոշում կայացվի»։

Հետաքրքրվեցինք, թե այսօր կայացած ՀՅԴ ԳՄ նիստում ի՞նչ է քննարկվել։ Ռ.Առաքելյանը վստահեցրեց, որ ներքին կուսակցական խնդիրներ են եղել օրակարգում։

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանից համագործակցության առաջարկ ՀՅԴ-ին եղե՞լ է, այդ հարցը չի քննարկվել ԳՄ նիստում, Ռ.Առաքելյանը պատասխանեց.

«Ոչ, բոլորովին։ Մենք որևէ առաջարկ չենք ստացել, որևէ առաջարկի չենք սպասում։ Դաշնակցությունն ինքը միշտ քաղաքական դաշտի տրամաբանությանը հետևելով՝ ներքաղաքական քննարկումների արդյունքում կայացնում է որոշումներ։ ՀՅԴ-ն իր գործելաոճը չի բխեցնում այս կամ այն քաղաքական ուժի պայմանականություններին ենթարկվելով։ Այնպես որ, մենք առաջարկ չենք սպասել, առաջարկ չենք ակնկալել երբևէ և այսօր էլ։ Մենք մշտապես բաց ենք եղել քաղաքական ուժերի առջև քննարկումների համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս