«Հեղափոխությունը տակավին անկատար է, պետք է ամբողջացվի». Րաֆֆի Հովհաննիսյան

«Հեղափոխությունը տակավին անկատար է, պետք է ամբողջացվի, վերջնական հանգրվանին չի հասել։ Հեղափոխության համաժողովրդականությունը պետք է գտնի իր քաղաքական արտացոլանքը նաև ընտրական գործընթացների միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության  հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են այս հեղափոխության, թեկուզ համեստ, մասնակիցը, հեղինակը, պետք է կարողանան քաղաքական կուսակցությունների միջոցով մասնակցել միևնույն ճակատին։

«Թող 5 տարի հետո ըստ աջի և ձախի տարբերվեն մեկը մյուսից, բայց հիմա այդ անցումն  ամբողջացնելու համար նրանք, ովքեր իրենց զգում են այս հաջողության պատասխանատուն, պատասխանատվություն են ստանձնում գործող վարչապետի և իր կուսակցության հետ մեկտեղ, պետք է միասնական ճակատ կազմեն, որ անհնար լինի անգամ հակահեղափոխականության մասին ակնարկը։ Ես արել եմ առաջարկը, ներկա դրությամբ դրա գիտակցումը չկա։ Հույս ունենք, որ այս փորձառությունների միջոցով, որոնք պետք է անցնենք մինչև խորհրդարանական ընտրություններ, կլինեն վերանայումներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ «Ժառանգությունը» ևս իրեն համարում է այդ պայքարի մասնակիցը և պատասխանատվություն է կրում թե՛ լավի, թե՛ վատի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս