«Դա կարծես թե մի փոքր արհամարհանք էր խորհրդարանի հանդեպ և ուլտիմատում». Վահրամ Բաղդասարյան

«Ընդհանուր առմամբ՝ իրավունքն իրենցն է, կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Վերաբերմունքը կարտահայտի Ազգային ժողովը: Բայց կարծես ժամանակին իրենք էին քննադատում նախորդ իշխանություններին, որ Սահմանադրությունն իրենց համար են հարմարեցնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարողանան են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարողանա որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

Ըստ նրա՝ Սահմանադրությունը որևէ մեկի համար չպետք է հարմարեցնել, և կարելի է նաև գործող Սահմանադրությամբ առաջ շարժվել: Համենայն դեպս, ինչպես նշեց Վ. Բաղդասարյանը, եթե նմանատիպ առաջարկություն ստանան, իրենք իրենց վերաբերմունքը կարտահայտեն:

Հարցին, որ փաստորեն խորհրդարանին անվստահությո՞ւն է հայտնում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, նպատակը դա է, որովհետև այնտեղ պարզ հնչեց, որ՝ «ոչ թե ես պետք է հրաժարական տամ, որպեսզի նոր ընտրություններ լինեն, այլ խորհրդարանն ինքը պետք է ինքնալուծարվի»: Դա կարծես թե մի փոքր արհամարհանք էր խորհրդարանի հանդեպ և ուլտիմատում, որն ամեն դեպքում անթույլատրելի է»:

Դիտարկմանը, որ մտավախությունը, կարծես, Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված, որ եթե Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանը կարող է չինքնալուծարվել, այլ նոր վարչապետ ընտրել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց.

«Ես չգիտեմ՝ ում հետ է կապված մտավախությունը, համենայն դեպս, ինձ թվում է՝ մենք պետք է գնանք սահմանադրական ճանապարհով և մենք պետք է աշխատենք այնպես, որ որևէ քաղաքական ուժի նպատակահարմարությունից ելնելով գործողություններ չանենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս