«Ձենս սովորել է վարչապետի փափուկ կյանքին. չի դիմանում». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/Nikol-9.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ժողովրդի հաղթանակն այն է, որ իրենք են որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ.
«100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, և միջազգային հանրությունը մինչ օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, որ ՀՀ-ում կարող է տեղի ունենալ նման ժողովրդական զարթոնք։ Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել նախադեպ, որ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց վարչապետ ընտրվի մեկը, ով խորհրդարանում ունի ընդամենը մի քանի վստահելի ձայն, և այս ամենն իրականություն դառնա առանց մի կաթիլ արյան։ Ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որը հնարավոր դարձրեց այս աննախադեպ իրադարձությունը, հայ ժողովուրդն է»։
Փաշինյանն ասաց, որ տեղի ունեցածը հեղափոխություն է, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն. «Հաստատվել է մի կառավարման համակարգ, որը ընդունված է անվանել ուղիղ ժողովրդակառավարում»։
Վարչապետի ձայնը կտրվեց, և նա կատակեց. «Ձենս սովորել է վարչապետի փափուկ կյանքին. չի դիմանում»։