«Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման հստակ ժամկետ չկա». Դավիթ Բաբայան

Երեկ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե «ինչ կատարվել է Հայաստանում, որոշ չափով ազդեցություն է ունեցել Ղարաբաղում… Չեմ կարծում, որ լրիվ նույն գործընթացներն են, որովհետև Ղարաբաղի իրավիճակն էապես տարբերվում է Հայաստանի իրավիճակից, բայց որոշ նմանություններ, իհարկե, այստեղ կան: Չեմ ուզում որակումներ տալ, քանի որ նաև էս վերջերս չեմ եղել Ղարաբաղում, և իրականում դժվար է գնահատել: Միգուցե պետք է հանդիպել Բակո Սահակյանի հետ, ուրիշների հետ՝ առաջին ձեռքից հասկանալու համար՝ ինչ է այնուամենայնիվ կատարվում»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին անգամ Սահակյանն ու Քոչարյանը հանդիպել են, երբ թավշյա հեղափոխությունը եղավ, և նախագահ Սահակյանը գտնվում էր Երևանում, որտեղ հանդիպել է նաև կաթողիկոսի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և հասարակական լայն հատվածի հետ։

Այս պահին, ըստ նրա, Սահակյան-Քոչարյան հանդիպման հստակ ժամկետ չկա, և դեռևս նման հանդիպում տեղի չի ունեցել։

«Այն, որ ինքը մեծ ներդրում է ունեցել ազգային-ազատագրական պայքարում, պատերազմում, հաղթանակներում, սա միանշանակ է։ Բայց աշխարհաքաղաքական հանգամանքը պետք է դիտարկենք ավելի լայն, և Հայաստանի ու Արցախի անկախության այս տարիների ընթացքում կարևորագույն ձեռքբերումներից մեկը եղել է հավասարակշռված աշխարհաքաղաքականության և արտաքին քաղաքականության վարումը, շատ սերտ, նորմալ ռազմավարական փոխգործակցությունը Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Վրաստանի և տարբեր այլ երկրների հետ։ Սա նաև այն գրավականն է, որ թույլ է տալիս մեզ այս ծանր և պայթյունավտանգ աշխարհաքաղաքական տարածաշրջանում գոյատևել, զարգանալ և պահպանել մեր պետականությունը։

Եվ մենք, ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք կտրուկ փոխում են այդ հավասակշռվածությունը, դառնում են պլացդարմ, մրցակցության գոտի, ինչպիսի արհավիրքներ են այդ երկրներին սպասում, մենք իրավունք չունենք նման բան անել։ Բայց ի տարբերություն շատ այլ երկրների՝ մենք ունենք մի կարևոր գործոն, որը թույլ է տալիս մեզ այդ հավասարակշռվածությունը պահպանել առանց տարբեր մրցակից երկրների համար ցավոտ ռեակցիայի։ Դա մեր սփյուռքն է։

Սփյուռքի առկայությունը շատ կարևոր հանգամանք է, և մենք առաջին հերթին պետք է նաև մեր հայրենակիցների շահերով էլ առաջնորդվենք։ Տվյալ համատեքստում՝ ինչի՞ մենք պետք է ունենանք վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ, երբ այնտեղ ամենամեծ հայկական սփյուռքն է՝ մոտ 3 մլն, կամ ԱՄՆ-ի հետ՝ 2 մլն, կամ Իրանի, կամ Ֆրանսիայի հետ։ Սա այն հանգամանքն է, որ թույլ է տալիս մեղմել նույնիսկ խանդոտ, բացասական ռեակցիան տարբեր երկրների և գերտերությունների կողմից։ Իսկ այս կարևորագույն հարստությունը չօգտագործել և հրաժարվել այդ ամենից, իրոք, կարող է բերել աղետալի հետևանքների հայոց պետականության համար»,- ասաց Դ.Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս