Ով կլինի Հայկ Մարությանի մրցակիցը

Թեև ավագանու ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, Երևանի քաղաքապետի թեկնածուների թիվը հետզհետե ավելանում է։ Այդ պաշտոնին արդեն հավակնում է 7 հոգի՝ Հայկ Մարության («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Արտակ Զեյնալյան («Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան»), Նաիրա Զոհրաբյան («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի» կուսակցություն), Արարատ Զուրաբյան (Հայոց համազգային շարժում), Արտակ Ավետյան («Ռեֆորմիստների» կուսակցություն), Անահիտ Թարխանյան (ԳԱԼԱ կուսակցություն)։

Ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են նաև ՀՅԴ-ն, «Ժառանգություն», ՕԵԿ-ը, Հնչակյան, Պահպանողական, «Արդարություն» կուսակցությունները։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս բոլոր ուժերի հիմնական խնդիրը դաշտում դիրքավորվելն է, քանի որ քաղաքական ուժերն իրենց կարողությունները միայն ընտրություններով կարող են ստուգել։

Նրա խոսքով՝ մեզ մոտ սոցիալական հետազոտությունների ինստիտուտ գործնականում չի աշխատում, վստահելի արդյունք չկա ուժերը չափելու, և, ըստ էության, ընտրություններին մասնակցելը կարող է ավելի էժան «նստել», քան պարբերաբար նման հետազոտություններ պատվիրելը։

«Խնդիրն այն է, որ բացի ՔՊ-ից, որը հստակ խնդիր ունի առաջին անգամ հաղթել ընտրություններում, մնացած ուժերի համար սա փորձ է՝ հասկանալու, թե իրենք ինչ էլեկտորատ ունեն, և դրանից ելնելով՝ հասկանալու, թե համապետական ընտրություններում ինչ դիրքերից են առաջ գնալու՝ կամ փորձեն ՔՊ-ի հետ որոշակի կոալիցիա անել, կամ առանձին գնան, կամ ընդդիմություն լինեն։ Այսօր որևէ ձևով դա հստակ չի»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին օրերին Արտակ Զեյնալյանի դեմ կիրառվող սև PR-ին՝ Ա. Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանին բնորոշ է այդ սև ու սպիտակը, և ընդհանրապես բոլոր երկրներում նախընտրական փուլում նման բևեռացում է լինում՝ հեղափոխականներ, աջեր, ձախեր, և այդ բևեռացումը, սև-սպիտակի բաժանելը բերում է նաև որոշակի ոչ մաքուր տեխնոլոգիաների օգտագործման.

«Ես նույնիսկ չէի ասի, որ դա տեխնոլոգիա է, կազմակերպված է իրականացվում։ Հաճախ դա տարերային է լինում, ուղղակի հանրային գիտակցության մեջ ինչ-որ պատկերներ են ձևավորվում, և դրա հիման վրա տարբեր մարդիկ սկսում են գործողություններ անել։ Հանրային կարծիքն անհատի կարծիքից տարբերվող մեխանիզմ է։ Եթե անհատն ավելի ռացիոնալ է մտածում, ապա հանրային կարծիքն ավելի բնազդային է, և դա հաճախ շատ ավելի խելացի տեխնոլոգի տպավորություն է թողնում, քան անհատ պրոֆեսիոնալ տեխնոլոգը, որն ինչ-որ առաջարկներ է անում։ Պետք չէ առանձնապես կենտրոնանալ, մտածել, թե սև, մութ ուժեր դավեր են նյութում սրա կամ նրա դեմ։ Հաճախ դա բնազդային է։ Այն ուժերը, որոնք Փաշինյանի կողմից 100% աջակցություն չունեն, հանրային գիտակցության մեջ վտանգավոր են դիտվում։ Եվ դա ավելի կխորանա, և ոչ միայն՝ Զեյնալյանի, այլև՝ մյուսների նկատմամբ։ Հանրային կարծիքը սիրում է պարզություն՝ մերոնք-ձերոնք, ճշտեր-սխալներ»։

Ա. Կիրակոսյանի կարծիքով՝ Հայկ Մարությանի պարագայում հանրության ընկալումը միանշանակ չէ. «Որոշակի խնդիրներ կան այն կերպարից, որն ունենք նրա՝ որպես դերասան ներկայանալուց, այսինքն՝ այն արտադրանքը, որ նա հանրությանը ներկայացրել է, նաև մյուս կողմից՝ գովազդային արտադրանքից, որը պակաս կարևոր չի, այսինքն՝ ինչ ես դու գովազդել։ Կարծում եմ՝ դա էական ազդեցություն չի ունենա, այլ դեր կունենա նրա ժպտերեսությունը, պոզիտիվությունը։ Կարծում եմ՝ նա այնուամենայնիվ հանրության աչքում պոզիտիվ կերպար է, և դա շատ ավելի կարևոր դեր կխաղա բարեփոխումների, կյանքի լավացման տեսակետից, քան իր քաղաքական անցյալը»։

Նաիրա Զոհրաբյանի դեպքում, ըստ Ա. Կիրակոսյանի, կազդի Գագիկ Ծառուկյանի մշտական «խոսնակ» լինելու գործոնը. «Այդ խոսնակությունն իր դեմ կաշխատի՝ որպես անհատի։ Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնք որոշակի ինչ-որ կայունություն են ուզում, կամ ուզում են իրենց նախորդ որոշումը պահպանել՝ անկախ նրանից, թե ինչ ձևով են այդ որոշումը կայացրել, Զոհրաբյանը որոշակի ձայների քանակ կունենա, բայց կարծում եմ՝ 20%-ից պակաս կլինի։ Եվ դա՝ ամենալավատեսական դեպքում։ Գուցե իրեն՝ որպես Ծառուկյանի խոսքը ներկայացնող և շատ ավելի լավ, քան Ծառուկյանն ինքը կաներ, լավ են ընկալում, բայց որպես քաղաքը ղեկավարող առաջնորդ՝ այդքան մեծ շանսեր չունի»։

Զարուհի Փոստանջյանի պարագայում խնդիրը նույնն է։ Ա. Կիրակոսյանը նշեց, որ այն իմիջը, որ մի կողմից դրական է ու Փոստանջյանին ձայներ է բերում, նա խոսում է այն հարցերի մասին, որոնց մասին ուրիշները չեն խոսում, կարողանում է իր ձայնը հասցնել, այդ առումով որոշակի ձայներ կհավաքի, բայց այստեղ Փոստանջյանն ավելի ռադիկալ պետք է լինի, քան ՔՊ-ն.

«Այս պարագայում այդ ռադիկալությունն իր համար լավ չի աշխատի։ Եվ, կարծում եմ, կմնա այն նույն տոկոսներով, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ էր»։

Ա. Կիրակոսյանի կարծիքով, որոշակի շանսեր «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» թեկնածու Զեյնալյանը կարող է ունենալ, բայց Հ.Մարությանի հիմնական մրցակից նա չի լինի.

«Ես չեմ կարծում, որ Մարությանին ընդհանրապես հիմնական մրցակից կա։ Ես սպասում եմ Մարությանի համար աննախադեպ՝ 70% արդյունք։ Մնացածն իրենց ցույց տալու, հաջորդ ընտրություններին պատրաստվելու, ավագանիում ներկայացուցիչ ունենալու խնդիր են լուծում։ Դրա համար մրցակցի մասին խոսելը շատ օպտիմիստական է»։

Տեսանյութեր

Լրահոս