«Շուկայում անկայուն իրավիճակ է». Բաբկեն Պիպոյանը՝ թանկացումների մասին
Վերջին շրջանում գյուղատնտեսական մթերքի, այդ թվում՝ մսի գներն անկանոն տատանվում են։ Մասնավորապես՝ «Զովք» սուպերմարկետների ցանցում մսի գները շուրջ 500 դրամով բարձրացել են, և օգոստոսի 2-ին տավարի միսը (ոսկորով) վաճառվում էր 3480 դրամով, խոզի միսը՝ 4200 դրամով։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շուկայում ընդհանուր անկայուն իրավիճակ է։
«Անկայունության խնդիր ունենք։ Տարիներ շարունակ խոշոր բիզնեսն ապահովում էր իրացման մեծ ծավալներ և, ըստ էության, խեղդեց փոքր ու միջին բիզնեսին։ Այս պահին փոքր ու միջինն ունի ռեալ այլընտրանք զարգանալու, բայց ճանապարհին որոշակի խնդիրներ կան»,- ասաց նա։
Ըստ Բ.Պիպոյանի՝ օրենքի դաշտ գալով, չի կարող չփոխվել ապրանքի գինը, բացի դա, մթերումների գինը կարող է փոխվել։ Մասնագետը նշեց, որ այս ընթացքում որևէ վերլուծություն անելը բարդ է, որովհետև գներն անընդհատ փոփոխվում են, և այսօր գրանցված թվերը վաղը իրականության հետ նույն գծով չեն գնում։
ՊԵԿ-ից մեզ տեղեկացրին, որ հարկային կամ վարչարարության նոր փոփոխություններ չեն եղել, որ կարող էին ազդել գների վրա։ Սուպերմարկետներին դեռ 1.5 ամիս առաջ է տեղեկացվել, որ այսուհետ գործելու են ԱԱՀ դաշտում։