Կոտրել կարծրատիպերը, հայտնաբերել այն, ինչ մյուսները չեն նկատել. «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ն ամփոփեց իր աշխատանքները
«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ն ամփոփեց իր աշխատանքները, հայտնի են լավագույն երեք ստարտափերի հեղինակները:
Հուլիսի 28-ին միջոցառման փակման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի ուղեկցությամբ: Նրանք շրջեցին վրանային ճամբարում, շփվեցին, լուսանկարվեցին «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ: Այնուհետև նախագահ Սարգսյանը խարույկի շուրջ զրուցեց և պատասխանեց մասնակիցների հարցերին:
Նրանից մեկը հետաքրքրվեց՝ ինչպես դառնալ նախագահ, ինչին ի պատասխան Արմեն Սարգսյանը կատակեց` թվելով իր ավարտած ուսումնական հաստատություններն ու աշխատանքային փորձը:
«Ահա ձեզ նախագահ դառնալու ամենադյուրին ճանապարհային քարտեզը»,-ասաց նա: Նա հորդորեց երիտասարդներին երազել: «Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ և մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»,-նշեց Սարգսյանը՝ կոչ անելով սամմիթի մասնակիցներին ավելի հաճախ Հայաստան գալ:
«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը կարող ենք համարել հաջողված նախագիծ, քանի որ վերջապես մեզ հաջողվեց միավորել աշխարհի զարգացած ստարտափ էկոհամակարգեր ունեցող երկրների ներկայացուցիչների: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ են և վստահ ենք համագործակցությունը շարունակական կլինի»,-նշեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը:
Սամմիթի գլխավոր գործընկեր «Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն էլ հավելեց, որ շատ ուժեղ թիմեր կան Հայաստանից և արտերկրից: «Սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը հայկական ստարտափների համար շատ օգտակար կլինի և զգալիորեն կբարելավի Հայաստանի ստարտափ էկոհամակարգը: Հենց դա է մեր նպատակը կորպորատիվ պատասխանատվության տեսակետից և հենց դրա համար ենք մենք գործարկել մեր ինկուբատորն ու սատարում ենք այնպիսի միջոցառումների, ինչպիսին է սամմիթը: Շատ ուրախ եմ, որ այս սամմիթի լավագույն ստարտափերից մեկը որպես պարգև կդառնա մեր ինկուբատորի ռեզիդենտը»,-ընդգծեց Պյատախինը:
Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը և ուղղված է ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ: