Բաժիններ՝

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են 300 մլն դրամի խախտումներ. Գործն ուղարկվել է Դատախազություն

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, դրանց մասին հաղորդագրությունն ուղարկվել է Դատախազություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք կան քրեական գործի տարրեր։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բուժկենտրոնի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին աշխատանքից հեռացնելու մասին լուրերին և նախարարության կողմից հիմնարկում կատարվող ուսումնասիրությանը՝ պարզելու 2016, 2017, 2018 թվականներին պետական պատվերի գումարների ծախսի արդյունավետությունը:

Ըստ նրա՝ խախտումների մեծ մասը բուժծառայություն չստացած հիվանդների վրա սոցփաթեթի շրջանակում ծախսված գումարներ են. «Միջանկյալով մենք արդեն 300 մլն դրամի նման դեպք ենք հայտնաբերել»։

Նա նշեց, որ Հայաստանում սոցփաթեթների առողջապահական մասի համար տարեկան ծախսվում է ընդհանուր 700 մլն դրամ, որից մոտ 500 մլն-ը սուբսիդավորվում է պետբյուջեից.

«Ներկայումս գումարների վերանայման մասով պրոցես է ընթանում՝ գների տրամաբանությունը փոխելու առումով»։

Նախարարի խոսքով՝ ստուգումների պլան կա, մի քանի օր առաջ ստուգվել է Ֆիզիոթերապիայի ինստիտուտում, Երևանի գրեթե բոլոր մեծ հիվանդանոցներում կստուգվի հիվանդների շարժը, այսինքն՝ գրանցված հիվանդներից քանիսն են ներկա, նաև նոր ինստիտուտ է ներդրվելու՝ Պետական առողջապահական գործակալության ներկայացուցչի առկայություն մեծ բուժհիմնարկներում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս