Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը և դրանք բերել պատշաճ մակարդակի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլ նաև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այնտեղ առկա թերի ենթակառուցվածքներին, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպմանը, միասնական ափի բացակայությանը, ապօրինի շինությունների առկայությանը, մատուցվող ծառայությունների որակին և առկա գների անհամապատասախանությանը, հանրային լողափերի կազմակերպման մակարդակին: Նշված խնդիրների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և գաղափարներով, որոնք կարող են նպաստել Սևանա լճում զբոսաշրջության խթանմանը, այստեղ զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, ձմեռային տուրիզմի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը: Կարևորվել է նաև Սևանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը: Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, ինչն արժանացել է վարչապետի հավանությանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն ունեն համակարգային խնդիրներ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հանձնարարել է հաշվի առնելով հնչեցված առաջարկությունները՝ համապատասխան գերատեսչությունների հետ ևս մեկ անգամ կազմակերպել քննարկում և զեկուցել դրանց արդյունքների մասին:
Ամփոփելով, վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության խնդիրը:
«Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սևան համայնքը և ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն, մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել: Հաջորդ կարևորագույն խնդիրը հետևյալն է. հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի և կիրառել սկզբունք: Տարածքների վարձակալությունն ազգային պարկի համար պետք է դառնա եկամտի լուրջ աղբյուր: Այնտեղ կան բազմաթիրվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես ազգային պարկի տնօրենին խնդրել եմ, որպեսզի տրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների և օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք: Պետք է հասկանալ նաև այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: