Համարժեք պատասխան դեսպանի կողմից
«Եվրամիության հանդեպ 2 տեսլական կարող է լինել, առաջինը՝ իբրև փողային դոնոր, երկրորդը՝ իբրև արժեքներ արտահանող։ Կախված նրանից, թե ինչպես է պետությունը նայում Եվրոպական միությանը, այդպիսի պատասխան էլ ստանում է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն երկրները, որոնք գտնվում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ուժեղացված ֆինանսական օգնության պարադիգմայում, նախապես հռչակել էին արևմտյան կողմնորոշում։ Խոսքն Ուկրաինայի և Վրաստանի մասին է, էլ չեմ ասում Լեհաստանի, Վարշավյան պակտի, այլ երկրների մասին։ ԵՄ-ն, ինչպես նաև ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, նախապես ստացել են նրանց արևմտյան կողմնորոշման մասին հստակ հայտարարություն, որի ժամանակ տեղական իշխանությունները չեն վախեցել Ռուսաստանի հետ սպասվելիք և կատարվելիք կոնֆլիկտներից և ըստ այդմ ստացել էին ԵՄ-ի արձագանքը»,- 168.am-ին ասել է քաղաքագետ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԵՄ-ն չի արդարացրել իր հույսերը, և գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները, և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտարկումը, որ, եթե հայկական քաղաքականության մեջ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ, ի՞նչ փոփոխության դա պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից։
Ըստ նրա՝ տվյալ պարագայում Հայաստանը, որը բազմիցս հռչակել է, որ իր քաղաքական ուղիում որևէ բան չի փոխվի, ստացել է համարժեք պատասխան դեսպանի կողմից, որ ԵՄ-ի քաղաքական ուղիում ևս որևէ բան չի փոխվել. «Այսինքն՝ որևէ արտառոց բան չի կատարվել՝ ՀՀ քաղաքական կողմնորոշման մեջ բան չի փոխվում, ինչպես նաև չի փոխվում ԵՄ քաղաքական կողմնորոշման մեջ։ Շատ նորմալ, համարժեք հարաբերություններ են հաստատվում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղա համարում: