«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կլինեն փորձադաշտ համապետական ընտրությունների համար». Արտակ Կիրակոսյան
«Երևանի ավագանու նոր ընտրություններ պետք է լինեն, և դա կլինի փորձադաշտ՝ հաջորդ համապետական ընտրությունների համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Երևանի ավագանիում ստեղծված իրավիճակը։
Ըստ նրա՝ պարզ է, որ ավագանու արտահերթ ընտրությունների Նիկոլ Փաշինյանի թիմի շանսերն են մեծ, իսկ թե թիմն ինչպես կկազմակերպի, դա էլ է համապետական ընտրությունների փորձադաշտ՝ արդյոք դաշի՞նք կլինի, «Ելքը» նույն ձևով կպահպանվի՞, թե՞ միայն Քաքաղաքացիական պայմանագիրը կլինի, թե՞ այլ ուժեր կմիանան. «Կարծում եմ՝ այդ իմաստով շատ կարևոր է, որ փորձ անեն և ուժերը գնահատեն։ Ամենայն հավանականությամբ, ՔՊ-ն մենակ կգնա, որ հասկանա, թե հետո ում հետ դաշինք կազմելն իմաստ ունի։ Այսօր քաղաքական դաշտը շատ անորոշ վիճակում է, և մենք ոչ մեկի իրական ռեյտինգները չգիտենք։ Իրականում, կարծում եմ, ՔՊ-ն էլ ռեյտինգ չունի, ռեյտինգ ունի Նիկոլ Փաշինյանը, և իր որոշելիքն է, թե ում հետ ինքը պետք է շարունակի»։
Հարցին, թե արդյոք ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ բարեգործություններն ու ընտրակաշառքը նորից կգործե՞ն, թե՞ ուժային կառույցները կկարողանան դա կանխել, Ա.Կիրակոսյանը պատասխանեց. «Դժվար հարց է, պետք է փորձեն կանխել, դրան ուղղված ազդակներ արդեն տվել են, նաև՝ հենց Ծառուկյանին։ Կարծում եմ՝ այս պահին այնպես չէ, որ շանսեր չունի Ծառուկյանը։ Երբ ընտրության օրը գա, բավականին մարդ սպասելիքներ ունեին հեղափոխությունից, որ չեն արդարացել, ու այդ ձայները, ամենայն հավանականությամբ, կգնան Ծառուկյանին։ Բայց շատ սպեկուլյատիվ է այս ամենը։ Իսկապես շատ դժվար է պատկերացնել, քաղաքական հայտ ոչ մեկը չի ներկայացնում՝ ով է, ինչ է։ Բոլորի՝ Ծառուկյանի, նույնիսկ՝ ՀՀԿ-ի համար սա փորձնական կլինի՝ հասկանալու իրավիճակը»։
Ա.Կիրակոսյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն գուցե չի մասնակցի ավագանու արտահերթ ընտրություններին ու կտեսնի՝ դաշտն ինչ եղավ. «Պաուզա կվերցնեն, հետո կերևա՝ ուր են գնում հանրային սպասելիքները, իրենք վերադառնալու տեղ ունե՞ն, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հայտարարել է, որ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: Հանրապետականները ևս հայտարարություններ են արել թեկնածու չառաջադրելու մասին։