«Արդյո՞ք թավշյա հեղափոխությունը կապիտալիզացվում է». Արմեն Աշոտյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՐԴՅՈ՞Ք ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՎՈՒՄ Է

Նախապես ասեմ, որ այս վերլուծության հիմքում ընկած է ոչ թե քաղաքական շահը, այլ պետական մտածելակերպի դրսևորումը։

Հայաստանում իշխանափոխությունից առաջ և հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարում էր թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի մասին արտաքին քաղաքականության մեջ։

Ունենալով բազում ներքին տարաձայնություններ, բայց միջազգային հարաբերություններում կիսելով ազգային շահի գերակայությունը, թույլ հույս ունեի, որ այդպես էլ կլինի։ Սակայն այն ինչ ունենք այսօր՝ վարչապետի ընտրություններից հետո 2 ամիս անց, այս առնչությամբ մեծ լավատեսություն չի ներշնչում։ Մի կողմ դնելով խնդրի աուդիովիզուալ, պատկերային և զգացմունքային արտահայտումները՝ չոր մնացորդում ունենք հետևյալը՝

1. ՌՈՒՍԱՍՏԱՆ։ Այս երկու ամիսները ցույց տվեցին, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար նոր կառավարությունը, մեղմ ասած, դեռ շատ ջանքեր պիտի գործադրի։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ են շատ հստակ, ընդհուպ ՝ կադրային նոր լուծումներ։

2. Եվրոպական Միություն։ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած անդրանիկ այցի ամփոփիչ ասուլիսը և մինչ այդ եկած օբյեկտիվ տեղեկույթը բեկումնային լավատեսության մեծ հիմքեր չեն ստեղծում։ Թեպետ ԵՄ ղեկավարության կողմից Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացի գնահատականը դրական էր իր ձևի մեջ, ինչպես խոստովանեց վարչապետ Փաշինյանը, սակայն նման իշխանափոխության փաստը ինքնին բավական չէ ակնկալելու ԵՄ քաղաքական կամ ֆինանսական աջակցության ավելացում։ Այս իրողությունից դժգոհեց նաև Նիկոլ Փաշինյանը, թեպետ մայիսին ԱԺ-ում տրված այս թեմային վերաբերող իմ հարցին պատասխանեց ցրողաբար և հեգնանքով։ ԵՄ-ն Հայաստանին հատկացվելիք աջակցության ծավալը, ցավոք, չի ավելացնելու և պահպանելու է այն դեռևս 2018 թվականի փետրվարին հայտարարված 160 մլն € շրջանակներում։ Քաղաքական հավելյալ աջակցության մասին խոսելը նույնպես ավելորդ է, քանզի անկախ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած շատ ուժեղ թեզի նոր արտաբերումից՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ, ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները շարունակելու են զարգանալ, այս պահին ոչ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության, բայց ոչ էլ այդ հակամարտության կարգավորման ընթացքում առավել հայանպաստ դիրքորոշումներով։ Կմնա այն, ինչ ունենք Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներով։

3. ՆԱՏՕ։ Թավշյա հեղափոխությունից հետո մասնակցելով հերթական գագաթաժողովին՝ մենք ստացանք ճիշտ այն ձևակերպումները, ինչ ունեինք հեղափոխությունից առաջ, դեռևս 2014 և 2016 թվականներին։

4. ԱՄՆ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միակ հավելյալ դրական ազդակը, չհաշված Մելանյա Թրամփի կողքին լուսանկարվելը, Հազարամյակների Մարտահրավերներ Կորպորացիայի ծրագրերին Հայաստանի հնարավոր վերադարձն է, որ հնչել է որպես հնարավոր խոստում։

5. Չինաստան։ Հայաստանի նոր կառավարության ծրագրի արտաքին քաղաքական բլոկի խայտառակ ձևակերպումից հետո, երբ այս գերտերությունը հայտնվեց միևնույն շարքում իր աշխարհաքաղաքական մրցակիցներ Հնդկաստանի և Ճապոնիայի հետ, որևէ նոր տեսանելի զարգացում հայտնի չէ։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Իրականում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ պետք է վերադառնալ ռացիոնալ և ազգային հենքի վրա համընդհանուր և ներառական սկզբունքի ապահովմանը, չհյուծել և չջլատել ներքին քաղաքական կյանքը, ներքին զարգացումներով չշեղել հասարակության ուշադրությունը արտաքին և անվտանգային խնդիրներից։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։

Տեսանյութեր

Լրահոս