ՆԱՏՕ-ի հռչակագրում «մոռացել» են ազգերի ինքնորոշման իրավունքի մասին
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում տեղ է գտել մի ձևակերպում, որը նշում է պետությունների տարածքային ամբողջականության մասին, սակայն լռում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Մասնավորապես՝ Հռչակագրի կետ 67-ի մաս 2-րդն ասում է. «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը»:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ձևակերպումը նոր չէ:
«Նկատենք, որ սա ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ընթացքում ընդունված բանաձևերից առաջինն է, որ նման ձևակերպում ունի: Նման բանաձևեր պարբերաբար ընդունվել են, այսինքն՝ քաղաքական լուրջ մոտեցումների հետ գործ չունենք, այն է, ինչ միշտ եղել է»,- ասաց նա:
Ըստ Ս.Սարգսյանի՝ պետք է հաշվի առնել, որ ձևակերպումները վերաբերում են տարածքային ամբողջականությանը, բայց շեշտադրումը հենց Վրաստանի մասով է արված, որովհետև Վրաստանն է ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, նաև խոսքը կարող է գնալ Մոլդովայի մասին: Նա նշեց, որ Հելսինկյան եզրափակիչ ակտում նշված է ազգերի ինքնորոշման իրավունքը:
«Մեզ համար բացասական բան չկա այն առումով, որ փաստաթուղթն իրավաբանական ուժ չունի և ընդամենն անդամ պետությունների ընդունած հայտարարություն է»,- ասաց Ս.Սարգսյանը: