«Ամենից շատ կկարոտեմ այստեղ տիրող մթնոլորտը». Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է զինվորական ծառայության
«Այստեղից միանգամից գնալու եմ Ղարաբաղ։ Կարծում եմ՝ Ղարաբաղում վիճակահանության կմասնակցեմ»,-Շենգավիթի զինկոմիսարիատում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը որոշել է ինքնակամ դիմում գրել ու ծառայությունն անցնել Արցախի Հանրապետությունում։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ստացե՞լ է դիմումի պատասխանը։ Նա ասաց, որ դիմումի պատասխանը չի ստացել, բայց գիտի, որ չեն մերժել։
Վարչապետի որդին նշեց, որ ծառայության ընթացքում կկարոտի այստեղ տիրող մթնոլորտը։ Հարցին՝ քաղաքացիական անհնազանդությամբ էր միշտ աչքի ընկնում, հնարավո՞ր է բանակում ինչ-որ բան չհավանի և այնտեղ էլ անհնազանդություն ցուցաբերի, նա այսպես պատասխանեց.
«Չեմ կարծում, ինձ թվում է՝ բանակն այն տեղը չէ, որտեղ կարելի է նման գործողություններ անել»։
Նա նշեց, որ տրամադրությունը բարձր է և շտապեց նստել զինվորական ավտոբուս, որը նորակոչիկներին եկեղեցի էր տանում։