Նիկոլ Փաշինյանի որդին վաղը կմեկնի ծառայության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը վաղը կմեկնի ծառայության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ1 հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի նորընտիր ղեկավար Վահագն Թևոսյանը:
Բարի ծառայություն մաղթելով Աշոտ Փաշինյանին` Թևոսյանը նշել է , որ այսուհետ «ոչ ոք չի կարողանալու արդարացնել բանակից խուսափելու իր տրամադրությունները»:
«Աշը պուճուր ժամանակ անհավանական համով երեխա էր:) Լինում էր՝ բերում էին խմբագրություն, Հրաչը՝ քեռին, հոգու հետ խաղում էր՝ Աշ դու դեռ պուճուր ես, Աշն էլ թե՝ չէ մե՜ճ եմ: Հրաչը բա՝ դե որ մեծ ես գնա հաց առ, խեղճ պուճուրը աչքերը պլշում քեռու վրա, նենց համով դեմքով էր խեղճանում, որ փորներս թուլանում էր:
Տարիները թռան, ու նոր իմացա, որ վաղը Աշը գնում ա բանակ: Ոնց թռել էին տարիները մինչև էսօր, էդ երկու տարին էլ են թռնելու: Պետք էլ չի պատկերացնել ծնողն ինչ ա զգում էդ ընթացքում՝ ամեն որդի ունեցողիս հետ կամ արդեն եղել ա նման բան, կամ կլինի:
Բայց ես պատկերացնում եմ, ու վստահ եմ՝ ծնողներն էլ են դա պատկերցնում, որ Աշի բանակ գնալով ինչ-որ վարագույր ա պատռվելու, որի մի կողմում բանակ գնալը զապադլո համարողներն էին գտնվում, մյուս կողմում՝ բռնազորահավաքվածները:
Ոչ ոք չի կարողանալու արդարացնել բանակից խուսափելու իր տրամադրությունները, ոչ ոք չի խուսափելու իր ծառայածով հպարտանալուց, ոչ ոք չի խեղճանալու իր անփողությունից՝ հարևանի լակոտի բրաբուսային կրքերը տեսնելիս, երբ ծառայության գնա, բարով ծառայի ու վերադառնա Աշոտ Փաշինյանը: Բարի ծառայություն, տղա ջան:)»,- գրել է նա: