Ո՞վ է ԸՕ նիստին հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցչին
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, և առաջարկ կա, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատի 1 խումբ, հաջորդ նիստին կմասնակցի նաև Ա.Միրզոյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի կարծիքով՝ կարելի է աշխատանքային երկու ֆորմատները միավորել, այսինքն՝ ևս մի եռյակ միանա խորհրդարանական խմբին:
ՀՀԿ-ական ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հարց բարձրացրեց, թե ո՞վ է այսօր նիստին հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացուցչին:
ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Կնյազ Սարոյանը տեղեկացրեց, որ «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանի իմացությամբ է ԹԻ-ն մասնակցում:
«Դուք շատ կարևոր աշխատանք ունեք այս հանձնաժողովի աշխատանքն ապահովելու, բայց ոչ որոշումներ կայացնելու»,- դժգոհեց Վ.Սարգսյանը և, դիմելով Լ.Նազարյանին, կոչ արեց գործընկերների հետ քննարկել մինչև այլ անձանց հրավիրելը:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այն ամենը, ինչ նախկինում քննարկել են ֆորմատի հետ կապված, գաղափարը 5 եռյակ ունենալու, ճիշտ է:
Նա նշեց, որ կիսում է մտահոգությունը ԹԻ-ի մասին, որովհետև վաղը կարող է տասն այլ կառույց ցանկություն հայտնել այս նիստին մասնակցելու. «Քաղաքավարությունը թույլ չի տա ասել՝ ոչ, բայց այսուհետ պետք է սահմանափակվել 5 եռյակներով»:
Վ.Սարգսյանը շեշտեց ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի ընդհանուր գաղափարը, որ մեծամասնություն-փոքրամասնություն գաղափարը պետք է երկրորդ պլան անցնի. «Կոնսենսուսը շատ կարևոր է»: