«Lexus»-ը մխրճվել է մարդատար «Գազելի» մեջ. կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. shamshyan.com
Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի 77 RX 767 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 12 հոգի, որոնց թվում կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Գազելի» գազաբալոնը, որը հարվածի հետևանքով մոտ 200 մետր առաջ է ընթացել և հայտնվել ձորակում:
Օպերատիվ են գործել նաև Մասիսի շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Գազելի» մեջ գտնվող ծնողներից մեկը ասում էր. «Ծնողներով, երեխաներով, 2 «Գազելով» մեկնել էինք հանգստանալու Արարատի մարզում՝ «Բարդիներ» կոչվող հանգստյան գոտում:
Ետ էինք վերադառնում, մեկ էլ զգացինք, որ մեր ավտոմեքենան ուժեղ հարված ստացավ: Էլ բան չենք հիշում: Մենակ էն, որ «Գազելի» մեջ գտնվողներիս տեղափոխեցին հիվանդանոց: Գոհ ենք քաղաքացիներից, ոստիկաններից, փրկարարներից ու բժիշկներից, ովքեր օպերատիվորեն մեզ օգնեցին»: