«Նոր համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է, իր հստակ նպատակներով ու ժամանակացույցով». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ԱԳՆ մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի դեսպան Սվիտալսկի, Ձերդ գերազանցություններ, Հարգելի ներկաներ,

Ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ այս տոնական համերգը կազմակերպելու համար։ Օրվա խորհուրդը` խաղաղությունը և միասնությունը, լավագույնս է բնորոշում ժամանակակից Եվրոպան: Հիրավի, անցնելով երկու կործանարար համաշխարհային պատերազմների արհավիրքների միջով, Եվրոպայի քաղած դասերը ուղեցույց կարող են հանդիսանալ ողջ մարդկության համար: Միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, հանդուրժողականության, ժողովրդավարության ու այլ համընդհանուր արժեքների վրա է կերտվում կայուն, խաղաղ ու զարգացող հասարակությունը, ձևավորվում իսկական քաղաքացին։

Հնուց ի վեր Հայաստանը մաս է կազմել եվրոպական քաղաքակրթությանը և փորձել իր համեստ, բայց և տեսանելի ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։ Այսօր էլ Հայաստանը շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, ամրապնդել դիրքերը եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդում, իր ավանդն է ներդնում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աշխատանքներին։

Եվրոպայի օրվա անցած տարվա այս տոնակատարությունից ի վեր նշանակալի զարգացումներ են եղել ԵՄ հետ մեր հարաբերություններում։ 2017թ. նոյեմբերին ստորագրվեց, իսկ 2018թ. ապրիլին Հայաստանի կողմից վավերացվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն լոկ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարգավորող մի նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ՝ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված փոխգործակցության արտահայտումն է: Փետրվարին ստորագրվեց «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի հաստատման մասին որոշումը, որը նոր համաձայնագրի հետ միասին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղեցույցն է։

Ես վստահ կարող եմ ասել, որ նոր համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է, իր հստակ նպատակներով ու ժամանակացույցով, որի հաջող իրականացումը խորքային ազդեցություն կունենա հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Սիրելի ներկաներ,

ակներև է Եվրոպայի օրվա միջոցառումների հանդեպ հետաքրքրությունը, թե՛ Երևանում և թե՛ մեր հանրապետության մարզերում: Ցանկանում եմ, որ այդ հետաքրքրությունն ու մոտեցումները տարածվեն նաև ՀՀ-ԵՄ մեր հարաբերությունների ողջ ներկապնակի, մեր համատեղ ողջ օրակարգի ու դրա հաջող իրագործման վրա։ Հայաստանի նոր կառավարությունը ձևավորված համաժողովրդական սիրո և համերաշխության շարժման ալիքի վրա, հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հավատարիմ մնալով նախանշված օրակարգին` տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման մեր համատեղ հանձնառությանն ու տեսլականին։

Շնորհավոր Եվրոպայի օրը»։

Տեսանյութեր

Լրահոս