«Շատ տարօրինակ վիճակ է». Արտակ Կիրակոսյան

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ, և շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու:

Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպես է դա արվելու: Ասվում է, որ օրենսդրական, ընդհուպ՝ սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, որովհետև այդ մարմինը լինելու է ունիվերսալ, այսինքն` պետք է հնարավորություն ունենա նաև հետախուզական գործունեություն ծավալել, իսկ դա կարծես նախատեսված չէ Սահմանադրությունում:

«Խնդիրն այն է, որ արդեն ընդունված օրենսդրությունում մեր հակակոռուպցիոն մարմինը պետք է ունենար կրթական և կանխարգելիչ գործառույթ: Նախարարն ասաց, որ ուզում են ունիվերսալ մարմին անել, որը նախնական հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկն էր: Գործող օրենքով նախատեսված մարմինը շատ մոտ ժամանակներում պետք է ձևավորված լիներ, իսկ այժմ, կարծես թե, չի ձևավորվի»,- ասաց Ա.Կիրակոսյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ամբողջ կառավարության աշխատանքի հետ կապված խնդիր է. «Կարծում եմ` կառավարության ծրագիրը ներկայացնելուց ավելի հստակ կերևա, թե ինչ է պլանավորվում: Դա, ինչպես ասացի, կախված է նրանից, թե Սահմանադրություն փոխվելո՞ւ է, թե՞ ոչ, ընտրությունները ե՞րբ կնշանակվեն, որքանո՞վ է այս կառավարությունը ժամանակավոր»:

Ա. Կիրակոսյանի կարծիքով` գլոբալ առումով այսօրվա վիճակով էլ ռեալ լծակներ կան կոռուպցիայի դեմ պայքարի. «ԱԱԾ ղեկավարն արդեն ելույթ է ունեցել, որ պետք է գործունեություն ծավալեն, ոստիկանությունը՝ նույնպես, կարծում եմ, որ արդյունավետ գործելու մեխանիզմներ այնուհանդերձ կան: Տեսնենք՝ ինչ կլինի»:

Դիտարկմանը, որ նոր Սահմանադրությամբ ԱԺ ընդդիմությունը հնարավորություն ունի քննիչ հանձնաժողով ստեղծել, սակայն այժմ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, Ա.Կիրակոսյանը պատասխանեց, որ շատ հետաքրքիր վիճակ է, և պարզ չէ, թե ինչպես այն կոչել.

«Կուսակցությունների ներկայացուցիչների հետ խոսել եմ, թե ով է փոքրամասնությունն ընդհանրապես: Տարօրինակ վիճակ է, որ ԱԺ-ում ունենք Հանրապետական մեծամասնություն, բայց, ըստ էության, իրենք ընդդիմություն են, կառավարության մեջ չկան: Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, որ պետք է հասկանալ, թե ինչպես պետք է այդ ամբողջը կարգավորել:

Պատկերացրեք` ստացվում է, որ կառավարությունը հիմա ընդդիմությանն է, և ընդդիմությանն են պատկանում կառավարության վերահսկողության լծակները, ինչպես սովորաբար լինում է: Շատ տարօրինակ վիճակ կարող է ստեղծվել, երբ ստացվում է, որ դե ֆակտո իշխանությունն ու դե յուրե ընդդիմությունը նույնն են:

Դրա համար, կարծում եմ, ամեն դեպքում արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ պետք է անել, առավելագույնը՝ 3-4 ամսից, 1 տարին շատ-շատ է, որովհետև այս անորոշ վիճակում ոչ կարելի է սպասել, որ ներդրումներ կգան, ոչ էլ երկարատև ծրագրեր կիրականացվեն: Հ/կ-ների համար էլ պարզ չէ, թե ինչ տիպի` երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ առաջարկություններ պետք է անենք կառավարությանը»:

Տեսանյութեր

Լրահոս