«Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ». Գլխավոր դատախազ

«Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չկան քաղբանտարկյալներ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ներկայիս իշխանության պայմաններում, որը պնդում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինքը կփոխի՞ ավելի վաղ իր հայտնած դիրքորոշումը։

Ըստ Դավթյանի՝  անցած 2 տարում բազմաթիվ հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ, դեսպանատներ, իրավապաշտպան կազմակերպություններ երբևէ որևէ մեկին քաղբանտարկյալ չեն ճանաչել։ Գլխավոր դատախազի խոսքով՝ ստացվում է, որ բոլորը մեջբերում են «քաղբանտարկյալ» սահմանումը, բայց հենց հերթը հասնում է մեկնաբանությանը, ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Ա.Դավթյանի դիտարկմամբ՝ եթե որևէ մեկին, որ երբևէ զբաղվել է քաղաքականությամբ, մի օր մեղսագրվի հանցագործության կատարում, ուրեմն նա դառնում է քաղբանտարկյալ. «Դա այդպես չի, ժողովուրդ ջան»։

Գլխավոր դատախազը չարձագանքեց դիտարկմանը, որ Գևորգ Սաֆարյանը տոնածառ տեղադրելու համար է կալանավորվել։

Ա.Դավթյանը նշեց, թե դատարանն իրականացնում է արդարադատություն, և հիմա կարևոր է՝ ամեն ինչ անել, որպեսզի դատարանի դերը չնսեմացվի։

Հարցին՝ եթե Անդրիաս Ղուկասյանը քաղբանտարկյալ չէր, ինչո՞ւ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում ազատ արձակվեց, Ա.Դավթյանը պատասխանեց. «Ձեր հարցի պայմանը և հետևությունը միմյանց համապատասխանող չէ»։

Ա.Դավթյանը նշեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ լուրջ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, և փոփոխությունները բերելու են որոշակի հանրային պահանջ։ Ա.Դավթյանը՝ որպես գլխավոր դատախազ, հավաստեց, որ բոլոր իրավական հարցերը լուծում են ստանալու իրավական հարթության մեջ և իրավական կարգավորումների շրջանակներում. «Դատախազությունը, ինչպես միշտ, այսօր էլ բաց է քննարկման համար»։

Հարցին՝ այսինքն, դիրքորոշումը փոփոխելու հրահանգ չի՞ եղել, գլխավոր դատախազը պատասխանեց. «Չէ, իհարկե չի եղել։ Ո՞վ պետք է այդպիսի հրահանգ տար»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս