Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նախ կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Անցնելով օրակարագային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել և համաձայնեցրել են տնտեսական ինտեգրման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ընդհանուր շուկայի ազատականացման հետագա ծրագրերը: Ընդունվել են ԵԱՏՄ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության առանցքային ուղենիշները, ինչպես նաև նախանշվել համագործակցության զարգացմանը միտված քայլերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` ատոմային և վերականգնվող էներգետիկան, թվային տնտեսությունը, առողջապահությունը, սոցիալական քաղաքականությունը: Հատուկ ուշադրություն է ցուցաբերվել միության միջազգային գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ստորագրման են պատրաստվել Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի մասին համաձայնագիրը և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի հաստատման մասին որոշումը:
Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ գործունեության ընթացիկ այլ հարցերի: Որոշվել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հարգելի՛ նախագահող,
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Առաջին հերթին ցանկանում եմ սկսել բոլոր ներկաներին շնորհավորանքով՝ անցած տոնի՝ Մեծ Հաղթանակի կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմը եղել է դժվար փորձություն ԵԱՏՄ երկրների և աշխարհի այլ ժողովուրդների համար: Մեր պարտքն է պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել թանկագին վետերանների հերոսական սխրանքների մասին հիշողությունը, անել ամեն հնարավորը՝ անվտանգության ապահովման, կայուն զարգացման և մեր երկրների բարգավաճման համար:
Ցանկանում եմ նաև սրտանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև նման բարձր մակարդակի գագաթնաժողով կազմակերպելու համար:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի է ունեցել իշխանության խաղաղ փոխանցում, որի մասին, կարծում եմ, լավ տեղեկացված եք: Մենք արդեն ձևավորել ենք կառավարություն, որի ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղիների փոփոխություն: Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով:
ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա դիսկուրսը պայմանավորված է նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև տարբեր խոչընդոտների առկայությունը դեռևս չեն արդարացնում բիզնեսի՝ անմիջապես կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները, ինչն ընկած է եվրասիական ինտեգրացիայի գաղափարի հիմքում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ երկրների համատեղ ջանքերը և ամեն օր տեսանելի արդյունքների հասնելու հետևողականությունը կարող են կրճատել նման քննարկումների ծավալը: Հայաստանը շահագրգռված է դրանում և ելնում է նրանից, որ նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել առևտրատնտեսական համագործակցության աճ, շեշտը դնել բարձր և նոր տեխնոլոգիաների վրա, գործնականում ապահովել հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար, գտնել հանգույցներ այն հիմնահարցերի շուրջ, որոնք ուղիղ ազդում են կյանքի որակի վրա: Ի վերջո, եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները տեսանելի կերպով չեն զգացվում քաղաքացիների կողմից, ապա դրանք վերածվում են «վիճակագրություն կատեգորիայի»։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Մինչ օրակարգի երկու-երեք հարցերի վրա կանգ առնելը, ընդգծեմ, որ հայկական կողմը պատրաստ է աջակցել նիստում համաձայնեցված բոլոր փաստաթղթերի ընդունմանը: ԵԱՏՄ-ի արտաքին գործունեությանը վերաբերող հարցերի հետ կապված ընդգծեմ, որ դիտորդի կարգավիճակի մասին դրույթը երկար համաձայնեցումներից հետո, մեր կարծիքով, ամբողջությամբ բխում է միության մասին պայմանագրից: Կարծում ենք, որ ԵԱՏՄ-ում երրորդ երկրների հետ փոխգործակցության այլ ձևաչափեր ներդնելու հարցի մշակումը նպատակահարմար է դիտարկել դիտորդի կարգավիճակի գործնական իրականացման վերլուծությունից հետո: Առավել ևս, որ այսօր նախատեսվում է ընդունել երրորդ երկրների կամ այլ ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի մասին համաձայնագիրը, որը միտված է պայմանագրերի կնքման հարցերի կարգավորմանը, համատեղ հետազոտական խմբի աշխատանքի պարզեցմանը և շատ ավելիին:
2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, իսկ դա տնտեսական աճի վերականգման գործընթացի ակտիվացումն է, անկասկած կնպաստի ազգային գերակայություններին հասնելուն, այդ թվում՝ ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:
Վերջում ցանկանում եմ հույս հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետագա փոխգործակցությունն ուղղված կլինի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ներդրումների համար հարմարավետ պայմանների ստեղծման, քաղաքացիների կենսամակարդակի բարելավման միջոցով:
Շնորհակալություն ուշադրության համար: