Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի պաշտպանության նախարար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համաձայնության կառավարության անդամների մյուս նշանակումներն էլ առաջիկայում կլինեն։

Թե ո՞ր պորտֆելները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին՝ հարցին, վարչապետը պատասխանեց, որ իրենք պետք է կադրային լավագույն լուծումները գտնեն և «Ծառուկյան» դաշինքն էլ ներգրավված կլինի կառավարությունում։

Իսկ ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Ն. Փաշինյանն ասաց. «Դաշնակցության հետ քննարկումները շարունակվում են»։

Անդրադառնալով Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու շուրջ քննադատություններին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ քննադատությունները սպասելի էին. «Որևէ ոստիկանապետի նշանակում մաինշանակ չէր ընդունվելու։ Ինչո՞ւ։ Որովհետև ՀՀ օրենսդրության համաձայն ոստիկանության պետի պաշտոնում պետք է նշանակվել ոստիկանության գործող համակարգից որևէ մեկը և, պարզ էր, որ որևէ նշանակում միանշանակ գնահատականի չէր արժանանալու»։

Նա նշեց, որ Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է և, բնականաբար, Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն։ Մյուս մասերով ես ասել եմ՝ չեմ կարող միաժամանակ լինել վարչապետ, քննիչ, դատախազ, դատավոր»։

 

Տեսանյութեր

Լրահոս