Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ Հրանտ Բագրատյանի «նվերը»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իր կողմից մշակված՝ կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիրը, որն արդեն պատրաստ է։ Այս մասին մայիսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում Հրանտ Բագրատյանը գրառում է արել։

«1996-ից հետո եկած բոլոր վարչապետներին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ և առաջարկել խորհրդատվական ցանկացած օգնություն՝ առանց հավակնությունների։ Այսօր անում եմ ավելին. պատրաստ է կառավարության տնտեսական քաղաքականության ամբողջական ծրագիր, որը սիրով կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանին առաջիկա 1-2 օրում։ Հեղափոխությունները միշտ ունենում են 2 մոբիլիզացնող նպատակ. «ընդդեմ» և «հանուն»։ Ընդդեմը ստացվեց։ Մնում է հանունը»,- գրել է Հ.Բագրատյանը։

168.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունեն Հ.Բագրատյանի առաջարկի մասին։

«Գրառմանը ծանոթ չեմ, նաև ծրագրին ծանոթ չեմ, դրա համար մեկնաբանել չեմ կարող»,- ասաց Ս.Պապիկյանը։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի մշակումն այսօր ո՞ր փուլում է, Ս.Պապիկյանը պատասխանեց. «Նորմալ ընթանում է, ժամանակին կլինի»։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի համաձայն, վարչապետ նշանակվելուց հետո 15-օրյա ժամկետում նոր վարչապետը պետք է ձևավորի նոր կառավարություն, 5-օրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում են փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ կառավարության ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը հավանության է արժանանում 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս