Կառավարությունը կքննարկի «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի» ստեղծման հարցը
ՀՀ կառավարությունը մտադիր է ստեղծել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ։ Նախագիծը մշակել և կառավարության մայիսի 11-ի նիստում ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
Ըստ նախագծի՝ ինստիտուտի ստեղծումը կնպաստի Հայաստանի ռազմաարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմաարդյունաբերության ոլորտում, բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն:
Նախագիծը մշակողներն ակնկալում են, որ արդյունքում պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու համար: