«Տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում». Վիգեն Սարգսյան
«Ես տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, որովհետև հեղափոխությունը պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մեկ այլ ֆրակցիայի ներկայացուցչի։
Սարգսյանը սխալ է համարում «փոքրամասնության կառավարություն» եզրույթը. «Փոքրամասնության կառավարությունը հնարավոր է, երբ խորհրդարանում ոչ ոք չունի մեծամասնություն, և փոքրամասնության ֆրակցիաներից մեկն իր վրա վերցնում է պատասխանատվություն՝ կոորդինացնելու այլ ֆրակցիաների հետ յուրաքանչյուր որոշման շուրջ որոշակի կոնսենսուս ձեռք բերելը։ Իսկ այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է, երբ մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, դրա հետ մեկտեղ՝ ունենք փոքրամասնություն ներկայացնող վարչապետ, որը վտանգներով լի է։
Նշանակում է, որ ամեն անգամ, երբ մեծամասնության որոշումը ձեռք չտա փորքամասնության վարչապետին և կառավարությանը, նրանք պետք է մարդիկ դուրս բերեն փողոց և ճնշում գործադրեն պատգամավորների վրա՝ իրենց կամքին դեմ քվեարկելու։ Դա ամեն ինչ է, բացի ժողովրդավարություն լինելուց, և իրականում դա շատ վտանգներով լի ձև է, որովհետև միշտ գտնվելու է մարդ, որ ավելի շատ մարդ կարող է փողոց դուրս բերել, և մենք շատ արագ կարող ենք հայտնվել տարօրինակ վիճակում»։
Վիգեն Սարգսյանը նկատեց՝ բարդ է իրավական շղարշով փակել այն, ինչը չունի իրավական հիմնավորում. «Մեր թիմի պատասխանատվությունը շատ մեծ է, մենք իշխանություն ենք եղել ու պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա նման զարգացում։ Չենք արել որոշ բաներ, պատճառների մասին մենք առիթներ շատ կունենանք խոսելու. սրված վիճակներում քրոնիկ հիվանդություններ չեն բուժվում։ Հիմա սրված վիճակ է, վիրահատական միջամտություն է եղել, պետք է սպասել, որ վիճակը հանդարտվի, կայունանա, բոլոր բնականոն ռիթմերը վերականգնվեն, որից հետո պետք է սկսել բուժել քրոնիկ հիվանդություններն ու պատճառները, որոնք ծնել են այս իրավիճակը»։