Որն է եղել Թևան Պողոսյանի առաջին խորհուրդը ՀՀ նախագահին

«Բոլորն ապրում էին վախերով. այդ վախերի հաղթահարումը տեղի է ունեցել, և հուսանք, որ այդ նույն «դուխով» կկարողանանք ապագայի մարտահրավերները հաղթահարել։ Հենց դա էլ կլինի գլխավոր փոփոխությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Առաջիկայում, ըստ Պողոսյանի՝ ականատես կլինենք անձերի փոփոխության. «Բայց եթե չաշխատենք և համակարգը չփոխենք, ապա ամեն ինչ կմնա միայն անձերի փոփոխության վրա։ Որպեսզի հեղափոխությունը տեղի ունենա, դա պետք է դառնա մեր ապրելակերպը, մտածելակերպը»։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վենդետա չի լինելու, օրենքի երկիր է սարքում, և ընդգծեց, որ, եթե օրենքի երկիր է սարքում, ապա ունի նաև լիազորություններ, ինչն էլ ենթադրում է պարտականությունների կատարում. «Եթե լիազորություններն ասում են, որ դու դատախազ չես, նա չի կարող դատախազի ֆունկցիա կատարել»։

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ երեխաներին ներգրավեցին շարժման մեջ, գնացին դպրոցներ, նա այսպես արձագանքեց. «Դա լավագույն օրինակն է՝ դպրոցի տնօրենը համարում է, որ իր իրավունքները խախտվել են, թող դիմի դատարան»։

Հարցին՝ ինչո՞ւ նախագահը հայտարարություն չտարածեց, երբ ՀՀԿ-ական պատգամավորների տների մոտ ցուցարարներն ակցիաներ էին իրականացնում, նախագահի խորհրդականը պատասխանեց, որ նախագահի բոլոր հայտարարություններն էլ հանդուրժողականության կոչեր են պարունակում. «Եթե պատկերացնում եք, որ ամեն երկու հարևանի հարաբերությունների մասին նախագահը պետք է հայտարարություն անի, այդ ժամանակ նախագահի հայտարարությունը հիմք չի ունենալու»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որն է եղել նրա առաջին խորհուրդը ՀՀ նախագահին։ «Չեմ ասել՝ այ, սա պետք է անես, արել է, թե ոչ։ Խորհրդականի աշխատանքը ոնց եք պատկերացնում՝ գրեմ, բերեմ, դնեմ դիմացը, ասեմ՝ այ, սա արեք, քանի որ հասարակական հիմունքներով է, մենք քննարկելու ենք մոտեցումները, և ըստ դրա՝ որոշումներ են կայացվելու»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ նշանակումից մեկ ամիս առաջ էլ  քննարկումներ են եղել: «Քննարկումների արդյունքը տեսել եմ և հիմա էլ ամեն օր տեսնում եմ»,- պարզաբանեց նախագահի խորհրդականը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս