Բաժիններ՝

Մունդիալի հետ կապված ՌԴ 11 քաղաքներում գործելու է հատուկ ռեժիմ

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության խաղերը դիտելու մեկնող քաղաքացիները առաջնության անցկացման քաղաքներ մուտք գործելուց 24 ժամվա ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ներքին գործերի նախարարության համապատասխան տարածքային մարմնում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Ի գիտություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների, ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության նկատառումներով ՌԴ որոշ քաղաքներում մայիսի 25-հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ: ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 24 ժ ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում»,- գրել է Տիգրան Բալայանը։

Նա ներկայացրել է այն քաղաքների ցանկը, որտեղ նշված ժամանակահատվածում գործելու է հատուկ ռեժիմը՝ Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում, սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

Ծառայությունը ՀՀ քաղաքացիներին հորդորել էր պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները և հիշեցրել, որ որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս