Ստացածը վերադարձնելու ժամանակը. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը ամփոփում է իր ստեղծագործության հերթական փուլը
Հայաստանի ազգային պատկերասրահում երեկ բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանի (Վալմար) ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 70-ամյակին։
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն բաց կլինի մինչեւ մայիսի 27-ը։ Վալմարի համար ցուցահանդեսը յուրօրինակ հաշվետվություն է ժողովրդի առջեւ իր անցած ճանապարհի վերաբերյալ։ «ՀՀ»-ի հետ զրույցում նա անկեղծացավ, որ այս կերպ վերադարձնում է այն էներգիան եւ սերը, որը ստացել է տարիների ընթացքում։ Սա միեւնույն ժամանակ հաշվետվություն է ինքն իր առջեւ՝ հասկանալու, թե ինչպես է սկսել իր ստեղծագործական ուղին, ինչպես է զարգացրել եւ ուր է հասել։
Ցուցադրված 139 աշխատանքներում, որոնք ստեղծվել են 1972-ից մինչեւ վերջին ամիսներն ընկած ժամանակաշրջանում, ներկայացված են նկարչի ապրումները, հույզերը, մտքերն ու սպասելիքները։ «Արվեստը զգացմունքների գիտություն է, այն ոչ միայն ինքնամաքրման միջոց է, այլեւ արթնացնում է մարդու ներաշխարհում քնած բջիջները եւ լուսավորում նրա հոգին։
Արվեստով ապրող մարդը, ազգը լուսավոր է եւ բարի։ Ստեղծագործական կյանքում շատ եմ կարեւորում մարդու անկեղծություն ինքն իր հետ, երբ պեղումներ ես կատարում ինքդ քո մեջ եւ բացահայտում առաքելությունդ այս կյանքում»,- ասում է նկարիչը։ Նա եղել է Երվանդ Քոչարի աշակերտը եւ մտածողության առումով որոշ չափով ազդեցություն է ունեցել նրանից։ Վալմարը 800-ից ավելի նկարներ ունի արտասահմանում, որոնք համարում է իր բարեկամները, որոնց միջոցով իր էներգիան է փոխանցում մարդկանց։ Ցուցահանդեսը այս տարվա սեպտեմբերի 18-ին կներկայացվի ԱՄՆ-ում, այնուհետեւ Արգենտինայում եւ եւս մի շարք երկրներում։ Նկարիչն իր երախտագիտության խոսքն ուղղեց ընտանիքին, առանց որի նա չի պատկերացնում իր երջանկությունը եւ կյանքը լիարժեք ապրելու հնարավորությունը։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գնահատմամբ, Վլադիմիր Մարգարյանը հետեւել է այն կոչմանը, որն ի վերուստ տրված է եղել իրեն։ Դրա արդյունքն այն է, որ այս տարիներն օգտագործել է նշանակալի եւ կարեւոր հետք թողնելով հայկական մշակույթում։ Մայր Աթոռի միաբան Ներսեհ վարդապետ Խալաթյանը նկատեց, որ Վալմարի մեջ ստեղծագործական ոգին միշտ վառ է, քանի որ նկարչի համար մշտապես ստեղծագործելու առիթներ են լինում։
Հոբելյարին շնորհավորեց նաեւ Շիրակ հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը։ Վերջինիս խոսքով, նա հայ ժողովրդի, մասնավորապես Շիրակ աշխարհի հիանալի զավակներից մեկն է, ում ստեղծագործությունների շնորհիվ հայ մշակույթին են հաղորդակից դառնում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Վ․ Ավոյանը որպես խորհրդանշական նվեր Վալմարին հանձնեց Հանրային ռադիոյի գանձարանից հավաքած «Շիրակի մեղեդիները» ձայնասկավառակը։ Վլադիմիր Մարգարյանը ծնվել է Գյումրիում։ 1966 թվականին ավարտելով Գյումրիի գեղարվեստի դպրոցը, իսկ 1972 թվականին՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, նույն թվականից բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալում՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական եւ միութենական ցուցահանդեսներին։
Այսօր արդեն բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է շուրջ հինգ տասնյակի հասնող անհատական եւ 133 խմբային ցուցահանդեսներով, որոնք կազմակերպվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արեւելքի, Ամերիկայի եւ Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում եւ պատկերասրահներում: Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում եւ թանգարաններում:
Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի եւ թատերական ներկայացումների ձեւավորումներ: 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1994 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է։ 2008 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։ 2004 թվականին Երեւանում հիմնադրել է «Վալմար Արվեստի Սրահը», որտեղ ամեն տարի կազմակերպվում են թեմատիկ նոր ցուցադրություններ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ