«Սեյրան Օհանյանի կնոջ գրառումից հետո բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա». Նիկոլ Փաշինյան

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ գրառումից հետո բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետև լայնորեն տպավորություն կա, որ տիկին Խաչատրյանը խոսում էր պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Անկախ ամեն ինչից այս իրավիճակում պաշտպանության նախարարը պետք է հստակ պարզաբանումներ տա 1992 թ. իր բանակ չզորակոչվելու մասին, և լավ կլինի, որ դրանք լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Ըստ նրա` Վիգեն Սարգսյանի կենսագրության մեջ այն գրառումը, որ 2003թ-ին ծառայել է ԶՈՒ-ում, պետք է պարզաբանվի, որ նա իր ծառայությունն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում, որն այդ ժամանակ եղել է պաշտպանության նախարար, որպես նախարարի ռեֆերենտ. «Այս առումով ծայրահեղ անպատշաճ վարքագիծ է, երբ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը կամավոր ծառայության մեկնած կամավորականի պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել կամ այլ լույսի ներքո ներկայացնել: Արարատ Միրզոյանը եռակի, քառակի անգամ ավելի ռեալ բանակի ծառայություն է անցել և Վիգեն Սարգսյանը չի կարող նրա հետ համեմատվել»:

Ն.Փաշինյանը նշեց, որ Խաչատրյանի գրառումն անուն չի պարունակում, բայց տպավորությունն այն է, որ խոսքը Վիգեն Սարգսյանի մասին է:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը, մասնավորապես, գրել էր. «Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»։

Տեսանյութեր

Լրահոս