Ո՞վ է շահագրգիռ ՀՀ-ԵՄ համաձայնագրի տապալմամբ
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այնքան ակտիվանում են տարաբնույթ խոսակցությունները՝ արդյոք կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ։
Օրերս Տալինում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը չէր բացառել, որ դա կարող է լինել ոչ թե բրյուսելյան գագաթաժողովին, այլ ավելի ուշ։ Մինչդեռ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը վստահ հայտարարել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը նոյեմբերի 24-ին:
«Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «168 Ժամի» հետ զրույցում մեկնաբանելով այս հակադիր կարծիքները՝ նշեց, որ կա փաստաթուղթը ստորագրելու 2 շահագրգիռ կողմ՝ Եվրոպան և Հայաստանը։
Միաժամանակ, ըստ նրա՝ կա հստակ 2 շահագրգիռ կողմ, որ փաստաթուղթը չստորագրվի, որոնցից մեկն Ադրբեջանն է, որն ուզում է Հայաստանին հավասար ներկա լինել միջազգային կառույցներում, իսկ մյուսը Ռուսաստանն է, որն ինչքան էլ զերծ է մնում նախկինի նման ակնհայտ դրսևորումներից, կացնային ոճից, Հայաստանի հանդեպ «խանդոտ» վերաբերմունքից, բաց ռուսական մամուլից ու վերլուծաբանների հոդվածներից պարզ երևում է, որ ընդհատակից են աշխատում և հակված են ամեն ինչ անելու, որ ստորագրումը չլինի, իսկ մերժումը լինի Եվրոպայի կողմից, որպեսզի հայերը հասկանան, որ իրենց միակ տեղը Ռուսաստանի կողքին է։
«Ժամանակին Ադրբեջանին, Հունգարիայի հետ կապված, հաջողվեց մարդասպանին հետ բերել և հերոսի կոչում տալ։ Հիմա նորից կփորձեն խնդիր դնել այս առումով, բայց հայկական կողմն ասում է, թե այդ խնդիրներն արդեն Եվրոպայինն են, թող Եվրոպան լուծի։ Ոչ, եթե այդ փաստաթուղթը մեզ է շատ ձեռնտու, ու գիտենք, որ հակառակորդներ կան, որ դրա խափանման ուղղությամբ աշխատում են։ Եթե նույնիսկ Ռուսաստանի մասին չեն ընդունում, քանի որ դա սրբազան կով է իրենց համար, Ադրբեջանին գոնե չեն խնայում և իրենց բառապաշարում եղած ծանր բառերը կիրառում են։ Այդ առումով պետք է ամեն ինչ արվի, որ այս փաստաթուղթը ժամանակին ստորագրվի, որովհետև այն միանշանակ ձեռնտու է մեզ»,- ասաց Ա.Սարգսյանը։
Նրա խոսքով, իհարկե, սա այն փաստաթուղթը չէ, որ նախկինում կար, բայց այստեղ չկա ոլորտ, որը բացթողնված լինի։ Ամենակարևորը՝ ըստ Ա.Սարգսյանի, Ղարաբաղի հիմնահարցով մոտեցումները շատ ձեռնտու են հայկական կողմին. «Ադրբեջանն ուզում է, ինչպես ՄԱԿ-ում, որտեղ 4 օրենք անցկացրեց տարածքային ամբողջականության փաստաթղթերով, այժմ էլ Եվրոպայի խորհրդում այդպիսի փաստաթուղթ անցկացնի, սակայն միայն այդ դեպքում Հայաստանը չպետք է ստորագրի այս համաձայնագիրը, որովհետև դա լուրջ վտանգ կառաջացնի մեզ համար»։