
Կրասնոդարում 2 հայեր կրակել են երիտասարդների ուղղությամբ. կա 2 զոհ

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում հոկտեմբերի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 42 և 43 տարեկան երկու հայ տղամարդ կրակել են չգործող «Սառցե պալատ» սրճարանի տարածքում հավաքված երիտասարդների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու երիտասարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, armtimes.com-ի հաղորդմամբ՝ գրում է kuban.kp.ru-ն:
27-ամյա Միսակը գլխին ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ 28-ամյա Ռուսլանը մահացել է հիվանդանոցում: 38-ամյա Ռուսլանին ծնկի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության տեղեկությունների՝ 5 կրակոց արձակելուց հետո տղամարդիկ Hyundai Solaris մեքենայով հեռացել են դեպքի վայրից։ Վերջիններս հիմա հետախուզվում են: Որոնվում են 1975-ին ծնված Սերգեյ Սահակի Ելիզարյանցն ու 1974-ին ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։
Վարկած կա, որ նրանցից մեկը սնանկացած գործարար է և փորձել է կրակոցներով խնդիրներ լուծել: Սերգեյ Ելիզարյանցն անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերության սեփականատեր էր և հարկերի վճարման հետ կապված պարտքեր է ունեցել: