«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի». Անդրեյ Արեշև

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի և արցախյան հարցի մասին։

«ՀՀ-ն համարվում է ԵՏՄ անդամ, և միաժամանակ՝ նոյեմբերի 24-ին նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Ինչպես գիտենք՝ 2013թ. այդ հարցը սուր էր դրված, հիշում ենք, որ այդ ժամանակ ԵՄ-ի հետ պայմանագիր պետք է ստորագրվեր, բայց սեպտեմբերին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, ինչը բազում քննադատությունների առիթ տվեց։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ տնտեսական առումով վիճելի հարցերը հիմնականում լուծվել են»,- ասաց նա։

Ըստ Արեշևի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, և այն չի կարող իրականանալ՝ առանց մի քանի առաջնահերթությունների. «Առաջնահերթություններից մեկը, որտեղ մեծ դերը Ռուսաստանինն է, անվտանգության հարցն է։ Իսկ ռազմական անվտանգության շուրջ համագործակցությունը ՌԴ-ի և ՀՀ-ի միջև բազմապլանային է։ Դա կարևոր է Հայաստանի համար նաև Արցախի կոնֆլիկտի առումով։ Իրավիճակն Արցախում շարունակում է լարված մնալ, Ժնևում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների հանդիպումը, և, ինչպես միշտ է լինում, այդ բանակցություններից հետո եղավ հերթական միջադեպը, այս անգամ՝ շփման գծում։ Նման դեպքերը, իհարկե, չեն նպաստում թեկուզ էլեմենտար վստահության մթնոլորտի ստեղծմանը տարածաշրջանում։ Եվ ինչպես հասկանում ենք՝ իրավիճակը դեռ երկար լարված կմնա, և դրա հետ կապված է Հայաստանի անվտանգության համակարգի ամրացումը»։

Նրա դիտարկմամբ՝ նման կոնֆլիկտներում դիվանագետներն ու զիվորականներն իրենց տեսակետներն ունեն. «Դիվանագետները պետք է բանակցություններ վարեն, մենք տեսնում ենք, որ այդ բանակցությունները վարվում են։ Ինչ վերաբերում է ռազմական միջադեպերին, ապա այդ իրավիճակը լինում է, բայց հույս է տալիս այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի։ Արցախյան կոնֆլիկտը միակն է, որտեղ ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Եվրոպան աշխատում են քիչ թե շատ կոորդինացված, և հակասություններ նրանց մեջ չկան։ Դա շատ կարևոր է, և ցավալի է, որ կոնֆլիկտի ոչ բոլոր կողմերն են նրանց լսում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք հրաշալի գիտենք, և նախագահի ելույթն էլ դա հաստատում է, որ Հայաստանը պատրաստ է անցնել ճանապարհի իր մասը, բայց, ցավոք, կոմպրոմիսային ցանկացած որոշում այն որոշումն է, որտեղ անհրաժեշտ է երկու կողմի բարի կամքը։ Ցավոք, ոչ բոլոր կողմերից են դա տեսնում»։

Արեշևն ընդգծեց՝ ՌԴ-ն հետաքրքրված է նրանով, որ ՀՀ-ն իրեն ավելի վստահ զգա՝ որպես տարածաշրջանի տնտեսական խաղացող. «Այդ համագործակցությունը ոչ միայն Ռուսաստանի հետ է, այլև տարածաշրջանի մյուս երկրների՝ Վրաստան, Իրան։ Մենք գիտենք, որ ազատ տնտեսական գոտու իրավական կարգավորման պրոցես է ընթանում Իրանի տարածքի հետ, գիտենք, որ ռուս, և հատկապես՝ հայ գործարարները կարող են եվրոպական շուկային ապրանքներ առաջարկել, ինչը կարող է նպաստել այն լարվածության թուլացմանը, որն այսօր կա ՌԴ-ի ու Արևմուտքի որոշ երկրների մեջ։ Հրաշալի գիտեք, որ 2014թ. ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին, որոնք նաև դրական դեր ունեցան ՌԴ-ի տնտեսության վրա։ Այդ պատժամիջոցները չհասան իրենց նպատակին, բայց իհարկե, դրանք խոչընդոտում են ՌԴ-ի ու Եվրոպայի միջև համագործակցությանը»։

 

Տեսանյութեր

Լրահոս