«Նորարարության զարգացման ուղղությամբ ՀՀ–ի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը կարող է տալ տեսանելի արդյունքներ». Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:
Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:
Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:
Նախագահի խոսքը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին.
Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի առաջին գործնական նախաձեռնության՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ աշխատաժողովի անցկացման առթիվ: Կարծում եմ, որ նման համագործակցություն հաստատելու ճանապարհը պետք է միասին անցնենք` գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների առավելությունների վրա հենվող տնտեսություն ձևավորելու մեր նպատակին հասնելու համար: Այս առումով ողջունում եմ նաև այսօր սկիզբ առնող գործակցության նոր ծրագրերի շուրջ ձեր ծավալած քննարկումները:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել և մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում:
Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի մայր Հայաստանից և սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների և դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Նոր աջակիցների ներգրավումը և համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլևս հասանելի է` և՛ հասանելի հեռանկար է, և՛ նպատակ մեզ համար:
Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը և զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական և մասնավոր հատվածների համագործակցության ևս մեկ արդյունավետ և հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ և Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում ՖԱՍՏ-ի հիմնադիրներին և աջակիցներին:
Այս հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական է: Բոլորդ տեղյակ եք, որ դեռևս 2008 թվականին Հայաստանից և սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծվել էր «Լույս» հիմնադրամը: Այսօր «Լույս»-ը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից և հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր: Այսուհետ ևս մենք շարունակելու ենք հետևողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն այսօր գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետևողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները և արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետևողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության և արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել և նոր հեռանկարներ բացել:
Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ: Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային և ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի ևս մեկ կարևոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին:
Հայաստանի պետությունն իր հերթին հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի և դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը: Մենք նաև հետևողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաև կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը:
Վստահ եմ, որ սա է ստեղծագործական թռիչքների համար ճանապարհ հարթելու ամենաճիշտ ձևը: Կասկած չունեմ, որ 21-րդ դարում կրթությունը և գիտելիքը լինելու են բարեկեցիկ և ազդեցիկ լինելու անփոխարինելի աղբյուրներ:
Սա է նաև արտասահմանում ապրող հայ մասնագետների ներուժը Հայաստանում բացահայտելու և կիրառելու ճիշտ ուղին: Գիտելիքին, տեխնոլոգիաներին և դրանից բխող զարգացմանը հաջորդելու կգա մասնագետների ավելի մեծ ներգրավումը հայրենիքի շենացման նվիրական գործին:
Ամփոփելով խոսքս՝ պետք է ընդգծեմ, որ ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները և բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր և ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար։
Բարի երթ եմ մաղթում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին: ՖԱՍՏ-ի հաջողությունը լինելու է մեր բոլորի հաջողությունը: