Բաժիններ՝

Հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման ﬔծ ներուժ ունի․ Էդվարդ Նալբանդյան

Երևանում, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեﬕական թատրոնում հոկտեմբերի 12-ին կայացել է Հայաստանի և Արգենտինայի ﬕջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հաﬔրգ, որի շրջանակում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջույնի խոսք է հղել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի խոսքն ամբողջությամբ։

«Հարգելի՛ պարոն դեսպան,

Հարգարժա՛ն հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մենք նշում ենք հարաբերությունների արծաթյա հոբելյանը արծաթի երկիր Արգենտինայի հետ:

Իհարկե մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի երկար տարեգրություն ունեն, քան անցնող քառորդ դարն է: Առաջին հերթին դրանք պայմանավորված են Արգենտինայում հայկական նշանակալից ներկայությամբ: Արգենտինահայ հոծ համայնքի կորիզը կազմում են Հայոց Մեծ եղեռնը վերապրած մեր հայրենակիցները, ովքեր շուրջ հարյուր տարի առաջ ապաստան գտան Արգենտինայի հյուրընկալ ափերում: Արգենտինան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Անուրանալի է Հռոմի Սրբազան Քահայանապետ Ֆրանցիսկոսի ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց հիշենք, որ դեռ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ ապագա Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ էկումենիկ պատարագի ժամանակ հայտարարեց. «մենք միասնական ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ»։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները դարձել են Արգենտինայի արժանի զավակները, և ուրախ ենք, որ նրանք բազմաթիվ տեսանելի և աներևույթ թելերով իրար են կապել Հայաստանն ու Արգենտինան, իրենց ծանրակշիռ ավանդն են բերել մեր երկրների միջև ջերմ բարեկամության և սերտ համագործակցության ավանդույթների կայացման մեջ:

Անցնող 25 տարիներին այս կուռ հիմքի վրա են խարխսվել ու զարգացել մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները: Արգենտինան և Հայաստանը միմյանց մայրաքաղաքներում բացել են իրենց առաջին տարածաշրջանային դեսպանությունները, տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում: Մարդկանց միջև շփումների համար պարարտ հող է ստեղծել Հայաստանի և Արգենտինայի միջև վիզային ռեժիմի ազատականացումը:

Չեմ կարող իհարկե չհիշատակել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փայլուն խորհրդանիշն է դարձել արգենտինահայ նշանավոր գործարար, երկու երկրների արժանի զավակ Էդուարդո Էռնեկյանը: Հիմնականում նրա գործունեության շնորհիվ Արգենտինան Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալով առաջիններից մեկն է։ Իր ազգանվեր գործունեության համար պարոն Էռնեկյանը արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը և այսօր Հանրապետության Նախագահը նրան է հանձնել «Հայրենիքի շքանշանը»։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ նրան հայտնել մեր ամենաջերմ շնորհավորանքները:

Անկասկած, հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի, և համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի այն նոր մակարդակի բարձրացնել: Փորձը ցույց է տալիս, որ երբ հայկականն ու արգենտինյանը միահյուսվում են, գերազանց արդյուքն է ստացվում։ Դրա վառ օրինակներից է «Կարաս» գինին:

Շնորհակալ ենք մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր հնարավորություն են ընձեռել այսօր նշելու քսանհինգամյա հոբելյանը արգենտինյան ստեղծարար ոգու բացառիկ դրսևորման խորհրդանիշ՝ Տանգոյի համերգով։

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ հայ-արգենտինյան կապերը շարունակվելու են զարգանալ բարեկամության ոգով՝ արձանագրելով բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնց մասին խոսվելու է մեր հարաբերությունների ոսկե, ադամանդե և հաջորդող բոլոր հոբելյաններին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս