Հեղինակության խաղ երկու կողմերի համար. ինչ սպասել Ղազախստան-Հայաստան խաղից
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը գրեթե չունի լուծելու խնդիրներ, քանի որ անկախ բոլոր խաղերի արդյունքներից կմնա նախավերջին տեղում: Հավաքականի միակ խնդիրը, թերևս, երկրպագուների վստահությունը մի փոքր վերանականգնելն ու ընտրական փուլը հետագայի համար հուսալի նոտայի վրա փակելն է: Խմբի հետնապահին պարտվելը երկրպագուների համար կլինի համբերության վերջին կաթիլը:
Վերջին խաղից առաջ հավաքականի կորուստները կրկին շատ են: Ղազախստան չի մեկնել Դավիթ Մանոյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշում է, որ Մանոյանը մեկնել է Կիպրոս, որտեղ պարզ կդառնա վնասվածքի լրջությունը: Սակայն, արդեն իրենց լավ են զգում Մարկոս Պիզելին և Գագիկ Դաղբաշյանը: Ըստ մարզչի՝ երկուսն էլ կկարողանան դաշտ դուրս գալ:
Մրցակիցը ևս կորուստներ ունի: Չեն խաղա 3 ֆուտբոլիստ: Արթուր Պետրոսյանը նշում է, որ Իսլամխանն ու Լոգվինենկոն կմասնակցեն խաղին:
Նախորդ խաղում հավաքականը բաց թողեց 6 գնդակ: Գնդակներից մեկը խփվեց Տարոն Ոսկանյանի մանկական սխալի պատճառով: Արթուր Պետրոսյանը նշում է, որ միայն դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի և պաշտպան Տարոսն Ոսկանյանի սխալները չէին, որ նման պարտության պատճառը դարձան: Պարտությունը ցավալի է, բայց առջևում մեկ այլ խաղ է:
Չնայած ֆուտբոլիստների հետ զրույց է եղել, այնուամենայնիվ, ըստ մարզչի՝ Գրիգոր Մելիքսեթյանի համար հոգեբանորեն բարդ կլինի նման պարտությունից հետո դաշտ դուրս գալը: Մեծ է հավանականությունը, որ նա չի խաղա:
Այսօրվա խաղում կլինեն փոփոխություններ: Արթուր Պետրոսյանի խոսքով՝ լավ կյանքից չէր, որ լեհերի դեմ հարձակվողական կազմով էին խաղում: Մարզիչը փորձելու է գտնել բալանս հարձակման և պաշտպանության մեջ:
Ըստ մարզչի՝ այս խաղը հեղինակության խաղ է երկու կողմերի համար էլ: Ղազախստանը վերջին տնային խաղում ամեն ինչ անելու է հաղթելու համար:
Հավաքականի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանի խոսքով՝ թիմը տրամադրված է մարտական և միայն այսօրվա խաղում կերևա, թե իրենք որքան են վերականգնվել:
Չնայած նախորդ պարտությունը մոռանալ չի լինի՝ Կորյանի խոսքով՝ Ղազախստանի հետ խաղը մեղքերը քավելու հրաշալի հնարավորություն է:
Ըստ Կորյանի՝ այսօր մրցող թիմերը նույն մակարդակում են և խաղում վճռորոշ կլինի հաղթելու ցանկությունն ու նվիրումը:
Ղազախստանի դեմ խաղում կա ևս մեկ խնդիր՝ խաղը կայանալու է արհեստական խաղադաշտի վրա: Սա կարող է շատ խնդիրներ առաջացնել ֆուտբոլիստների համար: Արթուր Պետրոսյանը նշեց, որ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի խնդրել իրեն չխաղալ՝ հաշվի առնելով արհեստական խոտածածկի առկայությունը: Նման պահանջ չի դրել նաև Մխիթարյանի մյուս մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա Ղազախսանում, Երևանի ժամանակով 20:00-ին:
Սիրարփի Աղաբաբյան