Արծվիկ Մինասյանը` սպիտակագլուխ 2 անգղերի ոչնչացման մասին

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «վայրագություն» է որակում 2 անկենդան սպիտակագլուխ անգղերի հետ 3 տղամարդկանց նկարվելը:

«Ոչ միայն դատապարտելի է, այլև պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկվեն անձինք, ովքեր որ կենդանական աշխարհի նկատմամբ նման վայրագություն են ցուցաբերում: Սա իսկապես վայրագություն է, այն էլ հրապարակել գործողությունները՝ կրկնակի դատապարտելի պետք է լինի»,- ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Մինասյանը:

Ըստ նրա`  Ոստիկանությունը հրապարակել է իր եզրակացությունը, իսկ երեկ, նկարը հրապարակվելուց հետո, ոստիկանության և տեսչական մարմնի հետ ձեռնարկվել են գործողություններ, պարզվել է, որ պետհամարանիշը խոտանվել է 2013թ.-ից, իսկ դա նշանակում է, որ նկարն արվել է դրանից առաջ: Ամեն դեպքում, Ա. Մինասյանի խոսքով, հանցագործության բոլոր տարրերը կան, և նյութերի հավաքագրումից հետո քրեական գործը կընթանա, մեղավորները արժանի պատիժ կկրեն: Նախարարը նշեց, որ պատկերված թռչունները Սյունիքի, Տավուշի և Լոռու հատվածներում են տարածված, և կասկածն այս տարածքի մասով պետք է լինի, իսկ լուսանկարում պատկերված անձինք բացատրություն տվել են և ասել, որ գտել են սատկած թռչուններին:

Ա.Մինասյանը նկատեց, իրենց խնդիրն է՝ խստացնել քրեական գործող օրենսդրությունը, որը բավականին մեղմ է նման հանցանքների համար:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ 3 տղամարդ պատկերված են 2 անկենդան սպիտակագլուխ անգղերի նկարներով: Այդ թռչունը գրանցված է Կարմիր գրքում, դրա որսն արգելվում է:

Լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ղեկավարն է՝ Արթուր Մկրտչյանը: Վերջինս պնդում է, որ ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին, այլ տեսել է դրանց ճանապարհին ընկած:

Տեսանյութեր

Լրահոս