Հովիկ Աբրահամյանի զարմիկը չի առաջադրվելու Արտաշատի քաղաքապետի ընտրություններում

«Մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա դիրքորոշում հայտնելու: Այս պահին դիրքորոշում չունեմ: Դաշինքը քննարկում է, ձեզ դաշինքից կհայտնեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը` խոսելով նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին:

Նա հերքեց լուրերը, որ իր եղբայրը` Գագիկ Պողոսյանը, առաջադրելու է իր թեկնածությունը:

«Նա չի էլ ցանկացել, երբեք իր անունը չի շահարկվել, ես չգիտեմ, թե որտեղից այդ ինֆորմացիան, որ կարող է առաջադրվել: Ինքը ցանկություն չի ունեցել, ինքն այլ աշխատանքի է անցնելու»:

Հարցին «Ծառուկյան» դաշինքը դիրքերը չի՞ զիջելու Արտաշատում, Կ.Պողոսյանը պատասխանեց, թե հիմա դաշինքի անունից ոչինչի չի կարող ասել, որովհետև քննարկումներ են ընթանում, մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա առաջադրվելու, և մինչ այդ օրը հստակ կլինի:

Կ.Պողոսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, թե հնարավո՞ր է իրենք պաշտպանեն ՀՀԿ-ի թեկնածու Կարեն Բենիամինյանին. «Այդ մասին մի քիչ ավելի ուշ կիմանաք»:

Հիշեցնենք, որ նոյմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը:

Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:

Տեսանյութեր

Լրահոս