Տարոն Մարգարյանը պարգևատրել է «Երևան օփեն» շախմատի միջազգային 2-րդ մրցաշարի հաղթողներին
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր փակման արարողությանը: Հարկ է նշել, որ այս տարի անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ էին ներկայացրել 13 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
«Երևան օփեն 2017» միջազգային մրցաշարի հաղթողներին պարգևատրել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանը, երկրորդը՝ Իրանը ներկայացնող Ամին Թաբաթաբեյը, իսկ մրցանակային երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Արման Միքայելյանը:
Մրցաշարի շրջանակում, բացի հիմնական մրցանակներից, սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ` տարբեր անվանակարգերում:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ երկրորդ անգամ աշխարհի գավաթակիր դառնալու առթիվ:
«Իսկապես հպարտություն է ունենալ նման շախմատիստ, ով հեղինակավոր տարբեր մրցաշարերում ու աշխարհի գավաթի խաղարկությունում շարունակում է բարձր պահել մեր երկրի պատիվը: Շնորհավորում եմ նաև «Երևան օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողներին: Ուրախությամբ պետք է փաստենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում էին արդեն 13 երկրների ներկայացուցիչներ, և վստահ եմ, որ տարեցտարի այս ցուցանիշը կավելանա: Դա, անշուշտ, կախված է նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի հետևողական աշխատանքից, ինչը վստահաբար կարվի, ու հաջորդող տարիներին միջազգային այս մրցաշարում մենք կտեսնենք ավելի շատ թվով մասնակից երկրներ»,- ընդգծել է քաղաքապետը: