«Մարդիկ խառնել են, չգիտեն` ում հետ գործ ունեն». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը դատապարտում է այսօր քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
«Կարծում եմ` մարդիկ խառնել են, չգիտեն` ում հետ գործ ունեն: Դատապարտում եմ նման լկտի վերաբերմունքը և, ինչ պետք է` մեր ավագանու ներկայացուցիչները տեղում ասել են։ Որևէ ավագանու անդամ չի կարող իրեն նման կերպ պահել ու տարեց կնոջը՝ այս դեպքում տիկին Բախշյանի կամ ցանկացած ավագանու անդամի մասին նման ձևով խոսել։ Ի վերջո, տարրական էթիկայի կանոններ կան: Խմբակցության ղեկավարը` քաղաքապետը պետք է կարգի հրավիրի իր խմբակցության անդամներին: Այլ տարբերակ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Ըստ նրա` իրենց ավագանու անդամները տեղն են դրել ՀՀԿ-ականներին. «Բայց այն ոճով, որով պահում էին իրենց Հանրապետականի անդամները, այդ ոճով մերոնք չէին կարող տեղը դնել նրանց, որովհետև մերոնք ցիվիլ մարդիկ են։ Հենց դա է նրանց և մեր տարբերությունը»։
Պատգամավորի խոսքով` Հանրապետական խմբակցության անդամները պետք է իրենց ներսում քննարկեն կատարվածը ու «կարգի հրավիրեն» իրենց. «Դեռ ամեն ինչ նոր է սկսվում ու առջևում 5 տարի կա»։