«Ավելի կարևոր թիրախ չի կարող լինել, և սա քաղաքականությունից բարձր է». Սամվել Ֆարմանյան

Հայաստանում ժողովրդագրական խնդիրների հետ կապված իր նախաձեռնությունը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բացարձակապես չի համարում մարտահրավեր իշխանությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում իսկապես մտահոգիչ են. և, ցավոք, մեր հանրային պոլեմիկան այսօր այնպիսին է, հիմնական գիծն այն է, որ դեմոգրաֆիական խնդիրները հանգեցնում են արտագաղթին առնչվող խնդիրների քննարկմանը, որը, սակայն, դեմոգրաֆիական միտումները պլանավորող առաջնային գործոն է, բայց ոչ միակը և ոչ միակ առաջնայինը:

«Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար, որպես համահավաք գոյություն, այս աշխարհագրական միջավայրում հեռագնա ավելի լուրջ խնդիր գոյություն չունի: Ես նախատեսել եմ ընդամենը մի աշխատանքային ձևաչափով հանձնաժողովի ստեղծում, որը կարող է ներառել շահագրգիռ պատգամավորներ, փորձագետներ, ակադեմիական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` փորձելու, համադրելու բոլոր ռեսուրսները` նախ՝ քննարկելու ճանապարհով գնահատելու իրավիճակը և միտումները, և աշխարհում տեղի ունեցող դեմոգրաֆիական հարակից պրոցեսներից ելնելով՝ մեր անելիքները»,- ասաց Ֆարմանյանը:

Նրա խոսքով` ինքնին խնդիրը շատ ավելի կարևոր է մեր պետականության տեսանկյունից, քան այսօրվա կամ վաղվա իշխանությունն է. «Եթե մենք այսօր որպես պետականություն՝ այս խնդիրներին լուրջ չվերաբերվենք, ինչպիսին էլ լինեն իշխանության քայլերը, չեն կարող հանգեցնել մեզ համար ցանկալի արդյունքների: Սա մեր պետականության համար շատ էական փորձաքար է»:

Ս. Ֆարմանյանը համոզվածություն հայտնեց, որ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթում նախանշված 2040 թ.-ի թիրախի տակ կան նաև մտածված քայլեր և գործողություններ. «Ավելի կարևոր թիրախ չի կարող լինել, և սա քաղաքականությունից բարձր է»:

Տեսանյութեր

Լրահոս