«Ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամանային վիճակում է». Կարեն Կարապետյանը հանձնարարեց խստացնել խեցգետնի որսի վերահսկողությունը
Խեցգետնի ապօրինի որսի պատճառով Հայաստանի ջրային ավազաններում, հատկապես՝ Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները: Ինչպես այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դա հիմնականում պայմանավորված է խեցգետնի որսի թերի կանոնակարգմամբ, որսի անօրինական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, նաև Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ:
Կ.Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց բացառել նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը, երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերին և ջրային ավազանը կառավարող որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը, նաև առաջարկություններ ներկայացնել թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ։
«Պետք է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ։ Ռեսուրսն իրականում նվազել ա, չափաքանակները, չափերը և այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամանային վիճակում է»,- ասաց Կ.Կարապետյանը։