«Որ ԵՏՄ մտանք, սաղ գոռում-գոչում էին, որ 180 մլն-անոց շուկա ունենք, նույնն էլ հիմա կլինի». Սասուն Միքայելյանը`հայ-ռուսական զորախմբի մասին

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 5 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայներով դրական եզրակացություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցին:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց, որ խաղաղ ժամանակ ՀՀ զինված ուժերի կառուցվածքում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների թվակազմից կրճատված կազմով գործում է Միացյալ խմբավորման հրամանատարություն:

Միացյալ խմբավորման հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը` համաձայնեցնելով Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվում է. խաղաղ ժամանակ` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակաշրջանում և պատերազմի ժամանակ՝ ստեղծվող իրավիճակից կախված` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց, թե միացյալ զորամիավորումը որտեղ, երբ և ինչպես է գործելու, եթե ինչ-որ տեղից մի «սնարյադ» ընկնի մեզ վրա, այդ դեպքում ինչ է անելու:

«Սնարյադը հո հենց էնպես չեկավ, ընկավ մեր գլխին: Հետախուզություն կա, բան կա…»,- պատասխանեց Ա.Զաքարյանը:

Կ.Նահապետյանի խոսքով` այսօր էլ կա գործող հայ-ռուսական միացյալ զորախումբ, պարզապես այս պարագայում երկու պետությունները համաձայնագրով են փորձում ձևակերպել:

«ԵՏՄ որ մտանք, սաղ գոռում-գոչում էին, որ 180 մլն-անոց շուկա ունենք, նույնն էլ հիմա կլինի»,- դժգոհեց Ս.Միքայելյանը:

Կ.Նահապետյանը կոչ արեց միացյալ զորախումբը չկապել ԵՏՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս