ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ամենակարևոր կորուստը՝ ըստ Թևան Պողոսյանի
«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ունենք ամենակարևոր կորուստը՝ Հայաստանի զարգացման, բարեփոխումների, արդիականացման շանսի բացթողումը։ Ասոցացման համաձայնագիրն այդ ամենն էր, և մենք այդ ժամանակ բաց թողեցինք մեր զարգացման տեմպերը»,- այսօր «Մեդիա-կենտրոնում» կազմակերպված «Զարգացումներ և փոփոխություններ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից 4 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ եղավ ճնշում՝ առաջարկի միջոցով, իսկ ճնշումը, ըստ նրա՝ անվտանգության միջոցով էր արվում. «Չմոռանանք, որ դա Ռուսաստանի կողմից՝ իր շահերի սպասարկման համար քաղաքականություն էր։ Այնպես որ, 2015թ. ԵՏՄ-ին անդամակցելով՝ որևէ մեկն այլևս չէր խոսում, որ դա անվտանգության խնդիր է, որովհետև շարունակում էին զենք վաճառել Ադրբեջանին, Ուկրաինան օրինակ էին բերում, բայց իրական աղբյուրներն այդտեղ չէին։ Մեր իրական կորուստը Հայաստանի ճիշտ ուղով զարգանալու հնարավորության բացթողումն էր»։
Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը հիմա մի միության մեջ է, որի մասին երբ խոսում ենք, միայն մեկ անդամի անունն ենք տալիս. «Միության հասկացություն չկա։ Սոցիալիզացիայի մասով շուտով երևի կսկսեն տարբեր ճնշումների տակ օրենքներ ընդունել, որով նորից հետընթաց ենք ապրելու։ Ինչքան արագ կարողանանք մեր սեփական շահերով առաջնորդվել, շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ և վերջնական ստորագրման հասնել, այնքան Հայաստանը կսկսի նորից զարգացման ուղով գնալ։ Իսկ ԵՏՄ-ին անդամակցելով՝ որևէ հաջողության մասին խոսել չեմ կարող»։