Բաժիններ՝

Կատարի մայրաքաղաքի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից ներմուծված մթերքները

Կատարի մայրաքաղաք Դոհայի բնակիչները բոյկոտում են Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծված մթերքները՝ նախապատվությունը տալով իրանական եւ թուրքական արտադրանքին: Այդ մասին հայտնել է «Аль-Джазира» հեռուստաալիքը։

«Բոլորն ինձ հարցնում են՝ որտեղից են բերված մթերքները: Եթե ես նրանց ասում եմ՝ «սաուդյան են» կամ «Դուբայից», նրանք չեն վերցնում», հեռուստաալիքին պատմել է տեղի վաճառողը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մայրաքաղաքի խանութների վաճառասեղանները լի են Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից բերված մթերքներով: Չնայած մեծ զեղչերին, հաճախորդները հրաժարվում են դրանք գնել քաղաքական նկատառումներով: «Ես նրանց արտադրանքը չեմ գնում: Դրանք ինձ այլեւս չեն հետաքրքրում, որովհետեւ դուք տեսնում եք, թե նրանք (Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն) ինչ են անում եւ խոսում: Մարդ իրեն վատ է զգում, երբ գնում է դրանք»,-պատմել է մայրաքաղաքի մթերային խանութի գնորդուհին:

Ինչպես նշվում է, Դոհայի ռեստորանները նույնպես հրաժարվել են սաուդյան մթերքներ գնել:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:

Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը:

Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրները, մասնավորապես, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Պահանջների ցանկը փոխանցվել է Քուվեյթի կողմից: Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանին հայտարարել է, որ Դոհան պատրաստ է բանակցություններ վարել արաբական երկրների պահանջների շուրջ, եթե դրանք լինեն իրատեսական եւ ապացույցներով հաստատված:

«Պահանջները պետք է լինեն իրատեսական եւ իրագործելի, այլապես դրանք կմերժվեն,-ասել է նա:-Այն, ինչ ներկայացվել է շրջափակմանը մասնակցող երկրների կողմից, ապացույցներով չհաստատված մեղադրանքներ են, այլ ոչ թե պահանջներ: Բանակցելու համար անհրաժեշտ է մյուս կողմի անկեղծ ցանկությունը եւ պահանջները հաստատող ապացույցներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս