«Մենք պետք է կարողանանք այդ Եվրոպային ասել «ոչ» և օգնենք իրական Եվրոպային կայանալ». Աշոտ Մանուչարյան

«Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ՝ Արցախը նույնպես դադարել է լինել Հայաստանի և Ադրբեջանի  հարաբերությունների խնդիրը, և ըստ նրա՝ սկզբունքորեն երբեք այդպիսին չի եղել։

«Այսօրվա աշխարհի տրամաբանությամբ կարգավորվել է նաև այդ հակամարտությունը, որովհետև սկզբնական հակամարտությունը հետևյալն էր. 1988թ., երբ Արցախը դիմեց Խորհրդային Միության, Ադրբեջանի և Հայաստանի գերագույն խորհուրդներին,  Ադրբեջանում սկսվեց հայերի սպանությունը, և առաջացավ մարդկանց մեծ հոսք, որոնք սպանությունից փրկվելով՝ տեղափոխվում էին այս կամ այն տեղեր։ Եթե մարդիկ ազատագրված տարածքներում ապրեին, ճնշող մեծամասնությունը կլինեին այնտեղից փախած 600.000 հայերը։ Գոնե 350.000 մտել է Հայաստան, և մենք չենք կարողացել այդ տարածքներում նրանց առաջարկել միավորվել, որովհետև միջազգային ատյաններն ասում էին՝ որտեղ ուզում եք՝ բացի այդ տեղից»,- ասաց պարոն Մանուչարյանը։

Վերջինիս խոսքով՝ այդ մարդիկ ադրբեջանական ԽՍՀ քաղաքացիներ էին և օրենքով այդ տարածքում պիտի տեղավորվեին, բայց ինչ-որ մեկը թույլ չի տալիս և դրանով  ստեղծում է հարատև թշնամանքի օղակ։

Ըստ բանախոսի՝ եթե փախչողները տեղավորված լինեին, բանակցությունները կընթանային Ադրբեջանի և նրանց միջև. «Որպեսզի հակամարտությունը հարատև լինի, այդ մարդկանց թույլ չտվեցին այդտեղ ապրել, ասացին՝ հակամարտությունը Ղարաբաղի և Ադրբեջանի մեջ է, իսկ այն սկսվել է շատ ավելի ուշ, երբ բոլորին սպանելով-հալածելով՝ քշել են այդ տեղերից, և հարվածների ալիքը հասել է Ղարաբաղ։ Իսկ Ղարաբաղն այն տեղն էր, որը կարողացավ պաշտպանվել»։

Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ պետք է հասկանալ, թե ո՞րն է, վերջիվերջո, մեր պատասխանն այս հակամարտությանը։

«Մեր ՊՆ-ն վերջերս հաղորդագրություն տարածեց՝ մեր զինվորներին սպանեցին, մենք էլ սպանեցինք նրանց զինվորներին։ Քանի անգամ ենք խոսել, որ չպետք է հայ զինվորի սպանության պատասխանը լինի ադրբեջանցի զինվորի սպանությունը»,- նկատեց բանախոսը։

Նրա խոսքով՝ մենք ուղղակի պահպանում ենք այն ուժերի գործունեությունը, որոնք իրենց փողն ու իշխանությունը համաշխարհային մակարդակով պահպանելու համար հրահրող գործողություններ են կատարում։ Ա. Մանուչարյանի համոզմամբ՝ մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգեր, որոնք  գործում են այլ տրամաբանությամբ։

«Հայկական այդպիսի համակարգեր աշխարհում միշտ եղել են։ Հիմա է, որ այդ ամենը մոռացել ենք և չենք կարողանում ոչ մի կերպ կյանքի կոչել։ Այդ օրը, երբ հայտնի դարձավ զինվորի մահվան մասին, այստեղ պետք է հավաքվեր հայության մի գործնական խումբ և հայտարարեր, որ երկու ամսվա ընթացքում նախատեսում է հայության համաժողով, որպեսզի մենք ստեղծենք ընդհանրական հայկական համակարգ՝ որպես մի երկիր, որը ծավալված է աշխարհով  մեկ, և այդ գլոբալ համակարգն ունի իր պատկերացումներն աշխարհի և նրա գործերի մասին»,- նշեց Ա. Մանուչարյանը։

Նրա գնահատմամբ՝ հիմա մեզ  հետ անգամ Եվրոպան վերևից ներքև է խոսում. «Ինչո՞ւ եմ ասում՝ անգամ Եվրոպան, որովհետև հազարամյակներով նրանց կայացրել ենք։ Մենք պետք է կարողանանք այդ Եվրոպային ասել «ոչ» և օգնենք իրական Եվրոպային կայանալ։ Այդ Եվրոպան այսօր կոչվում է  Եվրամիություն, և ինչը գործում է ԵՄ-ի անվան տակ, ոչ մի կապ չունի Եվրոպայի հետ։ Մի խոսքով՝ մեր առաքելությունը նոր համակարգեր ստեղծելն է, որոնք կկարողանան աշխարհին այլ լուծումներ առաջարկել»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930